You are currently viewing Աշխարհը առանց գույնի

Աշխարհը առանց գույնի

Թվում էր թե նա դանդաղ կմահանա։ Կվերանա, կգնա ու կմնա միայն թանգարաններում ու լուսանկարչության պատմության մասին գրքերում, աստիճանաբար կկորի ներկայից ու ապագայից։ Բայց այդպես չեղավ։ Գունավոր ժապավենը չկարողացավ սպանել իր ծնողին, թեև շատերն էին դա կանխատեսում․ թվային սենսորին դա նույնպես չհաջողվեց անել։
Սև-սպիտակ լուսանկարչությունը կենդանի է, ու քանի կա լուսանկարչությունը, կլինի նաև նրա այս տեսակը։

Առաջին հայացքից սա ֆենոմեն է․ ինչու՞ է մեր աշխարհի ոչ լիարժեք ներկայացումը այսքան կենսունակ, ինչու՞ է նա այսքան գրավիչ նույնիսկ մեր օրերում, երբ սենսորները գույնը ընկալում ու փոխանցում են ֆենոմենալ ճշտությամբ։

Պատասխանը թերևս ժամանակի մեջ է։ Ժամանակը անզոր է սև-սպիտակ լուսանկարչության դեմ՝ տաս, քսան ու նույնիսկ հարյուր տարի առաջ արված լուսանկարները միևնույն է մնում են ակտուալ։ Ժամանակը ոչ միայն ի վիճակի չէ նրանց հնեցնել, այն կարծես ամբողջովին բացակայում է սև-սպիտակ լուսանկարներում։
Նայում եք կադրին, ու չեք հասկանում, իսկ երբ է այն արվել․ 2017-ին թե 1960-ականներին։ Լուսանկարի մարդիկ դեռևս կան, թե արդեն վաղուց հեռացել են։
Յուրաքանչյուր կադր միաժամանակ հեռավոր անցյալում է ու հենց հիմա է։
Ու թերևս սրանում է սև-սպիտակ լուսանկարչության կախարդանքը։ Այն միշտ առաջացնում է հարցեր, այն մի պահ կտրում է իրական աշխարհից ու տեղափոխում մի ուրիշը։
Աշխարհ, որտեղ գույնը որպես երևույթ բացակայում է, բայց աշխարհը շարունակում է լինել լիարժեք, շարունակում է ապրել։

Սև-սպիտակ լուսանկարչությունը մարտահրավեր է։
Գույնը այլևս չկա, ու լավ կադր ստանալու համար պետք է վարպետորեն տիրապետել մնացած գործիքներին՝ լույսին, ստվերին, կոմպոզիցիային։
Այն չի ներելու վատ կոմպոզիցիան, այնտեղ ամեն ինչ պետք է իր տեղում լինի, մի փոքր այս կամ այն կողմ, և կադրը ոչինչ չարժի։
Այն չի ներելու սխալ էքսպոզիցիան՝ լույսը ու ստվերը այստեղ այն միակն են, ինչը ունի լուսանկարիչը։
Շատերին է սա վանում, բայց արվեստագետների մի շերտ կա, որը չի վախենում ընդունել այդ մարտահրավերը։
Նրանք համարում են գույնը շեղող գործոն, մի բան, որը նվազեցնում է լուսանկարչության առաջնային արժեքը ու դարձնում է նրան չափազանց ծանրաբեռնված, իսկ ազատվելով գույնից նրանք կարծես թևեր են ստանում որակապես ուրիշ լուսանկարներ ստեղծելու համար։

Սև-սպիտակ լուսանկարչությունը էմոցիա է։
Այն ունի զարմանալի հատկություն բազմապատկելու կադրում եղած էմոցիան և շատ ուղիղ ու հուժկու կերպով այն հասցնելու դիտողին։
Այլևս ստիպված չլինելով շեղվել գույնի վրա, դիտողը միանգամից փնտրում ու գտնում է էմոցիան, պատմությունը, տրամադրությունը, ենթատեքստը։
Դիմանկարներ, փաստագրական լուսանկարչություն, բնանկարներ։ Ամենուրեք գույնի բացակայությունը կոնցեպտուալ խորություն է մտցնում կադրի մեջ, էմոցիոնալ կապ ստեղծում դիտողի ու լուսանկարում պատկերվածի մեջ։
Գունավոր լուսանկարչությամբ անհամեմատ ավելի բարդ է հասնել դրան, գույնը գրավում է դիտողի ուշադրությունը, պահում նրան շղթաների մեջ, չթողնելով խորանալ դեպի ներքև, դեպի կադրի էությունը։

Լուսանկարչական աշխարհում սև-սպիտակ կադրերը ունեն իրենց յուրահատուկ ու անփոխարինելի դերը։
Այս ժանրը այնքան վաղուց է մեզ հետ, և այնքան խորը արմատներ է գցել մեր ենթագիտակցության մեջ, որ արդեն դարձել է առանձին արվեստի ճյուղ։
Այն ունի զարգացման իր ուղին՝ ավելի անշտապ, ավելի հանգիստ։
Այն համառորեն պահպանում ու կարևորում է լուսանկարչության հիմքում ընկած առաջնային գաղափարները, ու միևնույն ժամանակ՝ ինչպես երեխա, խաղում մանրուքների հետ, անվերջ փորձերի ու սխալների մեջ գտնում նորը ու ոչ մի րոպե չի դադարում զարգանալ։

Leave a Reply