You are currently viewing Շրջանակավորում կամ կադր կադրի մեջ (Framing or frame within a frame)

Շրջանակավորում կամ կադր կադրի մեջ (Framing or frame within a frame)

Դիտարկենք ավելի ազատ ոճի կոմպոզիցիոն տեխնիկա՝ շրջանակավորումը։

Այս տեխնիկան բավական պարզ է։ Եթե մենք կադրում ունենք օբյեկտ, որի վրա ուզում ենք հրավիրել դիտողի ուշադրությունը, ապա այդ օբյեկտին դնում ենք շրջանակի մեջ, օգտագորելով կադրում առկա այլ օբյեկտները։ Դրանք կարող են լինել ինչպես բնական (ծառեր, լեռներ), այնպես էլ մարդաստեղծ (դռներ, պատուհաններ, կամուրջներ)։ Այսպիսով մենք ունենում ենք երկու շրջանակ, մեկը դա մեր կադրի շրջանակն է (ուղղանկյուն), իսկ մյուսը արդեն օբյեկտին շրջապատողը (կարող է լինել կամայական տեսքի)։

Հիմա հասկանանք ինչ է տալիս մեզ շրջանակավորումը։

Նախ այն կենտրոնացնում է ուշադրությունը գլխավոր օբյեկտի վրա։ Ու եթե այլ տեխնիկաները դա անում են ոչ շատ ակնառու, ապա այստեղ մենք ավելի ագրեսիվ ենք գործում, դիտողի մոտ կասկածի տեղ անգամ չենք թողնում, թե ինչն է կադրում գլխավորը։

Շրջանակավորումը նաև տալիս է խորություն, ու ոչ թե աբստրակտ, այլ շատ հստակ սահման ունեցող։ Մեր կադրը բաժանվում է երկու մասի՝ դիտողից մինչև շրջանակը ու շրջանակից այն կողմ։ Շնորհիվ այդ բաժանման տրամագծորեն փոխվում է կադրի ընկալումը դիտողի մոտ, նրա հայացքը գնում է դեպի կադրի խորքը, դեպի շրջանակից այն կողմ։

Մի ուրիշ հոգեբանական էֆֆեկտ, որը տալիս է շրջանակավորումը, դա դիտողին հենց դիտող սարքելն է։ Եթե շատ դեպքերում դիտողը իրեն զգում է կադրի ներսում (որին հասնելը ինքնին մեծ ունակություն է պահանջում լուսանկարչից), ապա այս դեպքում դիտողը գլխավոր օբյեկտին նայում է հեռվից (բայց կադրի ներսից), չի մտնում նրա անձնական տարածք, և թույլ չի տալիս օբյեկտին մտնել իր անձնական տարածք՝ նրանց միջև կա պատնեշ։

Եվ վերջապես, շրջանակավորումը թույլ է տալիս մեզ տալ գեղարվեստական լուծումներ, որոնց այլ դեպքերում անհնար կլիներ հասնել։ Մենք սահմանափակված չենք շրջանակի ձևով, այն կարող է լինել կոտրված ապակիով պատուհան կամ միահյուսված ծառերով կամար, ու յուրաքանչյուր դեպքում ունենում ենք յուրահատուկ կադր ու ընկալում։

Կադրի մեջ կադր ստանալը այդքան էլ բարդ չէ։ Մեզ անհրաժեշտ է ուղղակի գտնել ցանկացած օբյեկտ կամ օբյեկտները, որոնք կարող են շրջանակի մեջ վերցնել մեր օբյեկտին։

Առաջին հերթին փնտրեք, թե ինչը կարող է ֆոտոխցիկի և օբյեկտի միջև հայտնվել։ Դա կարող է լինել բաց դուռ, պատուհան, այլ մարդիկ։ Ու նույնիսկ պարտադիր չէ, որ շրջանակը ամբողջական լինի, այն կարող է մեկ կամ մի քանի կողմից բաց լինել։ Կարևոր է, որ այն բաժանի կադրը ըստ խորության, ստիպի դիտողին մի պահ կանգ առնել այդ սահմանի վրա ու նոր միայն առաջ շարժվել դեպի գլխավոր օբյեկտը։ 

Որպես շրջանակ կարող է հանդիսանալ նաև ամբողջ հետևի ֆոնը, եթե գլխավոր օբյեկտը ինչ-որ ձևով տարբերվում է այդ ֆոնի վրա։ Հանճարեղ Տարանտինոն շատ հաճախ է դիմում այս տեխնիկային, այնպես անելով, որ նրա հերոսների միայն ստվերները երևան, իսկ հերոսներին շրջապատող աշխարհի մի մասը դարձնում էր շրջանակ։

Մի ուրիշ ոգեշնչման աղբյուր կարող է լինել արտացոլանքը։ Պատից կախված հայելին, ասֆալտին թափված ջուրը կամ գնացքի վագոնի պատուհանը կարող են շատ էֆֆեկտիվ ձևով շրջանակավորել օբյեկտին, և ավելին, նրանք ևս մեկ ուղղությամբ ընդարձակում են տարածությունը, տալիս են կադրին խորության նոր չափ։ 

ararat
ararat

Բացի պարզ լինելուց, այս տեխնիկան նաև բավական ունիվերսալ է։ Այն հաջողությամբ կարող է կիրառվել գրեթե բոլոր ժանրերում, եթե բավարար չափով հնարամտություն ցուցաբերեք։

Առաջին ու ամենաակնհայտ կիրառությունը իհարկե դիմանկարներն են, ինչպես ամբողջ հասակով, այնպես էլ խոշոր պլանով։ Շրջանակավորումը այս դեպքում թույլ է տալիս ձեր հերոսին ունենալ իր անձնական տարածությունը կադրի մեջ և ուժեղացնում նրա կապը այդ տարածության հետ ի հակադրություն շրջանակից դուրս մնացած կադրի հատվածի։ Դիտողը սկսում է ընկալել շրջանակում եղածը որպես մի ամբողջություն, առաջանում է կադր կադրի մեջ։ Բացի դա, եթե կադրում առկա են նաև այլ մարդիկ, այս տեխնիկան էֆֆեկտիվ և անբեկանելի կերպով ցույց է տալիս, թե ով է գլխավորը։

Շրջանակավորումը հաճախ օգտագործվում է նաև փողոցային և քաղաքային լուսանկարներում։ Այս երկու ժանրերում խնդիրը սովորաբար կայանում է նրանում, որ կադրը լինում է հագեցած մարդկանցով, մեքենաներով, տարաբնույթ շինություններով։ Այդ դեպքում արդեն լուսանկարչի մոտ խնդիր է առաջանում առաձնացնել գլխավոր օբյետին, ու դա ոչ միշտ է հնարավոր անել ֆոկուսի կամ լույսի միջոցով։ Այստեղ արդեն օգնության է գալիս շրջանակավորումը, որը հենց առանձնացնում է առաջնայինը երկրորդականից։ 

Ինչպես տեսաք, այս կոմպոզիցիոն տեխնիկան բավականին տարբերվում էր մինչ այս պահը եղածներից։ Այստեղ չկան հստակ կանոններ, կարելի է ասել կանոններ ընդհանրապես չկան։ Շրջանակավորումը ուղղակի գաղափար է, իսկ այդ գաղափարի իրագործումը մաքուր ստեղծագործական աշխատանք է։ Այնպես որ բավական բարդ է տալ հստակ խորհուրդներ։ Որպես շրջանակ կարող է ծառայել գրեթե ամեն ինչևէ՝ ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական, իսկ ձեզ միայն մնում է նրանց նկատել շրջապատող աշխարհում։ Ընդհանուր առմամբ լավագույնը այս տեխնիկան աշխատում է, երբ շրջանակը արհեստականորեն չի ստեղծված, այլ շրջապատող աշխարհի կամ կոնկրետ իրավիճակի մի մաս է։ Փաստագրական լուսանկարչության մեջ նրա օգտագործումը ավելի քիչ կհանիպեք քան կոնցեպտուալի մեջ, ու թերևս հենց այս ժանրում էլ այն ամբողջությամբ իրեն դրսևորում է։

Աջակցել նախագծին Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank

Leave a Reply