Մեզ շրջապատող աշխարհը զարմանալի է։ Այն միաժամանակ և սովորական է, և անսովոր յուրաքանչյուր առանձին պահին վերցրած։ Եվ հենց դրա պատճառով է, որ բնության սիրահարները այդքան հաճախ են վերցնում ֆոտոխցիկը ու հավերժացնում իրենց աչքերի առաջ եղած պատկերը։ Առաջին հայացքից թվում է, թե սա ամենահեշտ ժանրն է՝ տեսնում ես գեղեցիկ համայնապատկեր, վերցնում ու լուսանկարում։ Իրականությունը մի քիչ այլ է․ սովորականի մեջ տեսնել տարբերվողը պահանջում է փորձ և տաղանդ, իսկ այն լավ լուսանկարի տեսքով ստանալը որոշակի հմտություններ։
Բնանկարը իր տեսակով տարբերվում է ուղղակի բնությունը լուսանկարելուց, և այդ տարբերությունը առաջին հերթին մասշտաբների մեջ է։ Բնանկարը իր մեջ տեղավորում է անծայրածիր դաշտեր և հեռվում կանգնած լեռնաշղթաներ, հարյուրավոր և հազարավոր ծառեր, օվկիանոս և երկինք։ Այն չի կենտրոնանում միայն համեմատաբար փոքր չափսերով օբյեկտի վրա, այլ նաև փորձում է ցույց տալ այդ օբյեկտին շրջապատող աշխարհը, ոչ մի դեպքում չի կտրում նրան համատեքստից։

Մինչև անցնելը տեխնիկական նրբություններին, եկեք ծանոթանանք մի չափազանց կարևոր փոփոխականի հետ՝ օրվա ժամի։ Ժանրերի մի մասի վրա այս փոփոխականն ընդհանրապես ազդեցություն չունի՝ կարևոր չէ, թե երբ եք կատարել լուսանկարը։ Բայց ոչ բնանկարը։ Կադրի ստացման ժամը այստեղ որոշիչ է՝ նույն տեսարանը նկարահանված նույն դիրքից կարող է տրամագծորեն տարբերվել, կախված թե օրվա որ ժամին է կատարվել լուսանկարը։
Պատկերացրեք, ձեր առջևում մինչը հորիզոնը հասնող ցորենի դաշտ է։ Հեռվում երևում են ձնապատ գագաթներով լեռները, իսկ արևը արդեն կախված է այդ գագաթներից ներքև, պատրաստվելով մի քանի րոպեից անցնել հորիզոնի գիծը ու անհետանալ։ Ամեն ինչ կախարդական ոսկեգույնով է ներծծված՝ լույսը և ստվերները, երկինքը և երկիրը, հողը և օդը։ Այդ պահը կոչվում է «ոսկե ժամ»։

Օրվա մեջ երկու անգամ դուք հնարավորություն ունեք «որսալու» ոսկե ժամը, այն լինում արևածագից անմիջապես հետո և մայրամուտից առաջ։ Իրականում այն չի տևում հենց մեկ ժամ, ինչպես անվանումն է ասում, այլ կարող է էապես տարբերվել, կախված թե մոլորակի որ մասում եք գտնվում, և տարվա ինչ սեզոն է։ Այն կարող է նույնիսկ ընդհանրապես չլինել՝ բավական է որ երկինքը ծածկված լինի խիտ ամպերով, ու դուք ոչ մի ոսկե ժամ էլ չեք տեսնի։ Լավ, ինչն է՞ այդքան յուրահատուկ այդ ժամի մեջ, որ նա նույնիսկ ունի իր սեփական անունը։ Կարծում եմ պատասխանը արդեն ինքներդ էլ գիտեք․ յուրահատուկ է լույսը։
Օրվա ընթացքում լույսը շատ վերևից է, շատ կոպիտ է։ Այն առաջացնում է խորը ստվերներ, հարթեցնում գույները և տարածությունը, այդպիսով ստեղծելով բավական անպիտան միջավայր լուսանկարչության համար։ Ամեն ինչ փոխվում է, երբ արևը գտնվում է հորիզոնին մոտ։ Ցածր անկյան տակ ընկնող լույսը փափկում է, կոտրվում է նրա կոշտությունը։ Սառը երանգը նույնպես անհետանում է, իր տեղը զիջելով ջերմ ոսկեգույնին (այստեղից էլ հենց անվանումը)։ Ստվերները նույնպես ստանում են ուրիշ որակ, իսկ տարածությունը վերջապես ստանում է ծավալ՝ արդեն երևում են սահմանները։
Ավելորդ է ասել, որ ոսկե ժամը լուսանկարիչների ամենասիրելի ժամն է, իսկ բնանկարիչների դեպքում առավել ևս։ Այնպես որ, եթե ուզում եք ստանալ տարբերվող, հարուստ գույներով և ձևով լուսանկար, ապա կատարեք այն ոսկե ժամին։ Այս գործում ձեզ կօգնեն բազմաթիվ հավելվածները, որոնք հաշվի առնելով ձեր աշխարհագրական դիրքը, ճշգրտորեն ասում են ոսկե ժամի սկիզբը և վերջը։
Հիմա անցնենք տեխնիկական բաղադրիչին։ Ֆոտոխցիկի տեխնոլոգիայի ընտրությունը այստեղ էական չէ՝ հայելային թե ոչ հայելային ոչ մի դեր չի խաղալու։ Մեծ սենսորը իհարկե առավելություն է՝ լայն դինամիկ միջակայքը կապահովի լուսավոր ու ստվերային հատվածների ավելի լավ դետալիզացիա։ Դուք նաև կարիք չունեք առաջադեմ ավտոֆոկուսի համակարգ ունենալ, կամ արագ սերիական նկարահանում՝ բնանկարը բավական հանգիստ և անշտապ ժանր է։
Իսկ օբյեկտիվի ընտրությունը կարևոր է։ Առավել կիրառելի են լայնանկյուն և ստանդարտ օբյեկտիվները, 20-50մմ ֆոկուսային միջակայքով։ Դա ձեզ թույլ կտա հնարավորինս մեծ տարածություն տեղավորել մեկ կադրի մեջ, ինչը բնանկարերի դեպքում ինքնին ենթադրվում է։ Իսկ լայնանկյուն օբյեկտիվների ևս մեկ առավելությունը զգացվում է մշակման փուլում, երբ անհրաժեշտ է լուսանկարի որոշ հատվածներ կտրել, բայց պահպանել տեսարանի ընդգրկուն լինելը։ Ավելի երկար կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվները նույնպես ունեն կիրառություն, բայց այնուամենայնիվ ոչ այնքան, ինչքան նրանց լայնանկյուն տարբերակները։
Օբյեկտիվի առավելագույն բացվածքին կարելի է ուշադրություն չդարձնել, ինչպես շուտով կհամոզվեք, դուք հազվադեպ եք դիաֆրագման լայն բացելու։ Այնպես որ f/4.0 առավելագույն բացվածք ունեցող օբյեկտիվը արդեն իսկ ամբողջությամբ բավարար է բնանկարների համար։ Իսկ դե քանի որ առավելագույն բացվածքը կարևոր չէ, ուրեմն իմաստ չունի նաև ֆիքսված կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվ ունենալ։ Որակյալ ունիվերսալ zoom օբյեկտիվը այս դեպքում լավագույն ընտրությունն է, այն ձեզ կտա չափազանց մեծ ազատություն կադրի կոմպոզիցիան կառուցելու հարցում՝ ընդհանուր ամեն ինչ ընդգրկող պլանից մինչև խոշոր հեռու պլան։
Ձեր մյուս ընկերը բնանկար անելուց եռոտանին է։ Այս շատ կիրառելի սարքի օգնությամբ դուք կկարողանաք անշարժեցնել ֆոտոխցիկը, ինչն էլ ձեզ կազատի առավելագույն պահելաժամի սահմանափակումներից և բարձր ISO դնելու անհրաժեշտությունից։ Հաշվի առնելով որ բնանկարը կատարվում է համեմատաբար հանգիստ պայմաններում, արագ պահելաժամը ոչ հաճախ է անհրաժեշտ լինում։
Խոսենք կարգավորումների մասին։ Բնանկարին տրվող առաջնային պահանջներից մեկը դա պատկերի որակն է։ Մենք արդեն գիտենք թե ինչպես հասնել առավելագույն որակին, բայց ևս մեկ անգամ հիշենք։
Լուսանկարի որակի վրա ազդող երկու հիմնական ֆակտորները դա դիաֆրագմայի և ISO-ի արժեքն են։ Եթե չկա խիստ անհրաժեշտություն, ապա դիաֆրագման ցանկալի է փոքրացնել մինչև f/4.0 և ներքև (շատերի ընտրությունը f/8 կամ f/11 արժեքներն են), որպեսզի նվազագույնի հասցվեն օպտիկական աղաղավաղումները։ ISO-ի արժեքը ցանկալի է լինի հնարավորինս փոքր, այդպիսով կնվազի առաջացող աղմուկը։ Եթե ձեր հիշողության մեջ դեռ թարմ է էքսպոզիցայի եռանկյունին, ապա դուք արդեն հասկացաք, որ այս երկուսի արժեքների ընտրությունը ուղղակի կերպով ազդելու է նաև պահելաժամի վրա, ստիպելով մեզ ավելի մեծ արժեք տալ դրան։ Հենց սրանով էլ բացատրվում է եռոտանու կարիքը։ Եթե ցերեկային լուսավոր ժամերին կարող եք առանց նրա էլ նկարահանել, ապա լույսի քանակի նվազմանը զուգահեռ արդեն կանգնելու եք ընտրության առաջ՝ էքսպոզիցիայի ո՞ր պարամետրը «զոհել» ճիշտ լուսավորված կադր ստանալու համար։

Դե քանի որ լույսից ենք խոսում, եկեք ևս մի տարածված իրավիճակ դիտարկենք, որը առաջանում է բնապատկերներ լուսանկարելիս։ Եթե ապագա կադրում երևում է միաժամանակ և՛ լույսի աղբյուր (արև, ամպամած երկինք), և՛ խորը ստվերներ (լեռներ, անտառ), ապա ճիշտ էքսպոզիցիայի ընտրությունը այդքան էլ հեշտ չէ։ Եթե դուք ընտրեք ցածր էքսպոզիցիա, որպեսզի «չվառեք» կադրի լուսավոր հատվածները, ապա ստվերոտ հատվածները այդ պայմաններում բավարար չեն լուսավորվի ու կմնան մութ։ Հակառակ դեպքում, եթե դուք փորձեք կադրում ընդգրկված ստվերոտ հատվածները ստանալ նորմալ լուսավորված, ապա լուսավոր հատվածները «կվառվեն»՝ կլինեն ուղղակի սպիտակ՝ առանց ինֆորմացիայի։ Այսպիսով ունենք ոչ պարզ իրավիճակ, երբ պետք է զոհենք կամ շատ լուսավոր հատվածները, կամ շատ մուգերը։
Այս խնդիրը ունի մի քանի լուծման տարբերակ։ Նախ դուք կարող եք լուսանկարը նպատակային ստանալ ավելի խավար (underexposed)։ Սա բացատրվում է նրանով, որ այս դեպքում ստվերոտ հատվածները մշակման փուլում վերականգնելը ավելի հավանական է, քան շատ պայծառ հատվածները։ Իսկ եթե այս տարբերակը ընդունելի չէ, օրինակ ֆոտոխցիկի սենսորի դինամիկ միջակայքի չհերիքելու կամ էլ որակական բարձր պահանջների պատճառով, ապա անցնում ենք մյուս տարբերակին։
Իսկ հաջորդ տարբերակը իրենից ուղղակի ներկայացնում է կադրերի շարք տարբեր էքսպոզիցիայի արժեքներով, իսկ արդեն մշակման փուլում նրանց միավորումը մեկ կադրի մեջ։ Միավորված կադրը իր մեջ կպարունակի յուրաքանչյուր առանձին կադրի ճիշտ լուսավորված հատվածները, ու արդյունքում կունենանք համաչափ ու ճիշտ էքսպոզիցիայով կադր։ Այս տեխնիկան կոչվում է exposure bracketing, դուք նրան հնարավոր է նաև հանդիպած լինեք սմարթֆոններում HDR անվան տակ։
Այս աշխատանքը դուք կարող եք ինչպես ինքներդ կատարել, այնպես էլ այն վստահել ֆոտոխցիկին։ Գրեթե բոլոր թարմ մոդելները ունեն ավտոմատ ռեժիմում մի քանի կադր ստանալու հնարավորություն, իսկ ձեզ մնում է միայն նրան ասել թե քանի կադր եք ուզում, և ինչ էքսպոզիցիայի արժեքներով (սովորաբար երեք կադրը -1EV, 0EV, +1EV արժեքներով լրիվ բավարար է լինում)։ Այս տեխնիկան կիրառելուց կարևոր է հաշվի առնել մի երկու հանգամանք՝ դուք պետք է ունենաք եռոտանի և կադրում պետք է բացակայի ցանկացած տեսակի շարժում։ Օրինակ այս տարբերակով դուք կարող եք լուսանկարել լեռները, բայց ոչ ալեկոծվող օվկիանոսը։ Իսկ եթե այնուամենայնիվ ինքներդ եք ուզում ստանալ ձեր կադրը, ապա ֆիքսում եք դիաֆրագման և ISO-ն, նկարահանման ռեժիմը դարձնում Shutter priority, ու արդեն ստանում ձեր ուզած քանակով կադրեր՝ այս կամ այն կողմ պտտելով էքսպոզիցիայի կոմպենսացիայի անիվը։

Եվ վերջին կարևոր տեխնիկական կետը, թե ինչպես ֆոկուսավորվել։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում դուք ցանկանալու եք, որ կադրում ֆոկուսի մեջ լինի հնարավորինս շատ տարածություն։ Ինչպես հիշում եք, դրան կարելի է հասնել մի քանի տարբերակով՝ փակ դիաֆրագմայով, հիպերֆոկալ կետի վրա ֆոկուսավորմամբ և ֆոկուսի համատեղմամբ։ Վերջինս շատ նման է exposure bracketing-ին, այն տարբերությամբ, որ կադրից կադր փոխվում է ֆոկուսային կետը, իսկ էքսպոզիցիան մնում է նույնը, իսկ արդեն մշակման փուլում համատեղում ենք տարբեր ֆոկուսային կետերով կադրերը և ստանում առավելագույն ֆոկուսավորված մակերեսով լուսանկար։
Եվ թերևս վերջին խորհուրդը։ Այս ժանրը սիրում է համբերատարներին։ Դուք պետք է համբերատար ուսումնասիրեք այն տեղանքը, որտեղ պլանավորում եք կատարել ձեր նկարահանումը, փորձեք հասկանալ այդ տարածքի առանձնահատկությունները, նկատեք առաջին հայացքից աննշան թվացող մանրուքները։ Հնարավոր է նաև կարիք լինի երկար քայլելու մինչև կհասնեք այն ճիշտ կետին, իսկ այնուհետև ուղղակի սպասելու, մինչև կգա նաև ճիշտ պահը։ Եվ ահա այս ամենը անելուց հետո դուք կունենաք ոչ թե հերթական շարքային կադրը՝ ոչինչ չասող և հազարավոր այլ լուսանկարներից չտարբերվող, այլ կստանաք աշխատանք, որում բացում եք տեսարանը, ցույց եք տալիս ձեր կապը բնության հետ։ Ու միգուցե հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մեկը նայի ձեր լուսանկարին, ու մի պահ իրեն պատկերացնի ձեր տեղում, մի պահ զգա այն, ինչը զգացել եք դուք այդ պահին։
Ամփոփե՞նք
- Բնանկարը սիրում է պլանավորում։ Նախօրոք որոշեք տեղանքը, հաշվի առեք եղանակի կանխատեսումը։ Այս հարցում ձեզ կօգնեն բազմաթիվ հավելվածներ նախատեսված հենց լուսանկարիչների համար։
- Բնանկար անելիս չափազանց կարևոր է օրվա ժամը։ Լավագույն կադրերը ստացվում են «ոսկե ժամ»-ին շնորհիվ լույսի յուրահատուկ տրանսֆորմացիայի։
- Ֆոտոխցիկը ընտրելուց առավել ուշադրություն դարձրեք սենսորին և նրա դինամիկ միջակայքին։
- Ունիվերսալ լայնանկյուն zoom օբյեկտիվները տալու են ազատություն կադրի կառուցման ժամանակ։
- Եռոտանին պետք է ֆոտոխցիկի ու օբյեկտիվի հետ միասին մեկ թիմ դառնա, եթե ցանկանում եք ստանալ բարձրորակ կադրեր։
- Հստակ և դետալիզացված պատկեր ստանալու համար երկու լավագույն պարամետրերը դա բազային ISO-ն է (100) և օբյեկտիվի բացվածքը քաղցր կետի միջակայքի արժեքներից մեկում (f/4.0 — f/11)։
- Եթե կադրում կան շատ վառ ու շատ մուգ հատվածներ, ապա ինֆորմացիան չկորցնելու համար կարելի է կիրառել exposure bracketing տեխնիկան։
- Կադրի հնարավորինս մեծ մակերեսը ստացեք ֆոկուսավորված։ Դրա համար կարելի է օգտվել նաև focus stacking տեխնիկայից։
- Եղեք համբերատար, երբեմն սովորական կադրի և բացառիկ կադրի միջև ընկած է ընդամենը մի քանի րոպե։
Աջակցել նախագծին Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank
