Դիմանկարը ուղղակի մարդու լուսանկար չէ։ Այն պատուհան է դեպի ինչ֊որ մեկի հոգի, մի ամբողջ կյանք ամփոփված մեկ կադրի մեջ։ Ինչպես հարյուրամյակներ առաջ վրձինով ու ներկերով ստեղծված դիմանկարներն են անմահացել ժամանակի մեջ, այնպես էլ ֆոտոխցիկի օգնությամբ ստեղծվածներն են գրվում պատմության մեջ։ Ու ով գիտի, միգուցե հենց ձեր կողմից կատարված դիմանկարը վերապրի ձեզ, տարիներ շարունակ միլլիոնավոր մարկանց հետ լուռ խոսի ձեր հերոսի փոխարեն։
Այս ժանրը միաժամանակ բարդ է ու հեշտ։ Տեխնիկական տեսանկյունից ոչ մի բարդ բան չկա՝ ճիշտ ֆոկուսավորված ու էքսպոզիցիա ունեցող կադր ստանալը այնքան էլ դժվար չէ։ Իսկ ստանալ դիմանկար, որի մեջ կլինի կյանք ու հոգի, որին մարդիկ կնայեն ու ոչ միայն լուսանկար կտեսնեն, այլև պատմություն, իրոք դժվար խնդիր է։

Ես այստեղ չեմ կարող սովորեցնել, թե ինչպես դա անել՝ զուտ մի քանի խորհուրդներ։ Ու չեմ կարծում, որ դա ընդհանրապես հնարավոր է սովորեցնել՝ ամեն մեկը ինքը պետք է այդ ճանապարհը անցնի, սխալվի անհամար անգամներ, մինչև որ գտնի իր ոճը, սովորի մարդկանց կարդալու ու դա կադրի մեջ ամփոփելու արվեստը։
Դիմանկարները կարող ենք բաժանել երկու մեծ խմբի՝ երբ սուբյեկտը գիտի, որ իրեն լուսանկարում են, և երբ չգիտի։ Երկրորդ դեպքում սովորաբար ստացվում են ամենաբնական, կյանքով լեցուն դիմանկարները։ Այդ դեպքում մարդը չի գիտակցում, որ ինքը կադրի մեջ է, չի հասցնում փոխել դեմքի արտահայտությունը ու ընդունել ինչ-որ հատուկ դիրք։ Ամեն ինչ ստացվում է շատ բնական, կարծես առօրյա կյանքից մի պահ ուղղակի կտրած լինի։
Դժվարությունները սկսվում են, երբ մարդը հատուկ է ինչ-որ դիրք ընդունում դիմանկարի համար։ Այս դեպքում դիմանկարը շատ հաճախ ստացվում է անբնական, կադրում պատկերված մարդը քիչ է նման լինում ինքն իրեն։ Մարդիկ փորձում են ցույց տալ էմոցիաներ, որոնք իրականում չեն զգում (այստեղից էլ անբնականությունը) կամ թաքցնել նրանք, որոնք համարում են ավելորդ (սա նույնպես նրանց մոտ լավ չի ստացվում)։ Եթե դուք պրոֆեսիոնալ մոդելի չեք նկարահանում, ապա պատրաստ եղեք լավ դիմանակար անելու համար լինել նաև հոգեբան։ Դուք պետք է շփվեք ու ընկերանաք ձեր դիմանկարի հերոսի հետ, ձեռք բերեք նրա վստահությունը (երեխաները սովորաբար այս հարցում ավելի կասկածամիտ են, ու նրանց դեպքում ավելի շատ ժամանակ է պահանջվում)։ Իսկ որպեսզի վերջնական կոտրեք կաշկանդվածությունը, ներառեք ձեր հերոսին պրոցեսի մեջ, թույլ տվեք նրան դառնալ մասնակից։ Կատարեք մի քանի կադր, այնուհետև նրա հետ միասին ընտրեք ավելի հաջողվածները, խորհրդակցեք նրա հետ։ Այս փոքրիկ հոգեբանական հնարքը չափազանց հեշտացնում է ձեր աշխատանքը, խնայում ժամանակը ու ամենակարևորը, տալիս է շատ ավելի որակյալ արդյունք։ Հիշեք, լավ դիմանկար կարելի է ստանալ միայն մի դեպքում, երբ ձեր հերոսը լարված չէ, պահում է իրեն բնական, այնպիսին է, ինչպես սովորական կյանքում։

Իսկ հիմա անցնենք տեխնիկական կողմին։ Նախ եկեք դիմանկարները բաժանենք ըստ պլանների։ Արևմտյան մշակույթում ընդունված է մարդու մարմինը բաժանել 4 մասի, և այստեղից էլ ունենալ 4 տարբեր պլաններով դիմանկարներ։
4/4 կամ ամբողջ մարմին — Մեր մոդելը ամբողջությամբ տեղավորվում է կադրի մեջ՝ ոտքերի ծայրից մինչև գլուխ։ Այս դեպքում բացի դեմքի արտահայտությունից պետք է ուշադրություն դարձնենք նաև ամբողջ մարմնի և առավել ևս վերջույթների դիրքին։ Մարմնի դիրքը չպետք է լինի անբնական, շատ ուղիղ կամ ֆորմալ (նույնիսկ եթե ֆորմալ դիմանկար եք կատարում)։ Լավագույն կադրերը ստացվում են, երբ մոդելը մի փոքր անկյան տակ է կանգնած ֆոտոխցիկի հանդեպ, բայց տարատեսակ փորձեր անելը նույնպես խրախուսվում է։ Եթե ֆոտոխցիկի ավտոֆոկուսը և սերիական նկարահանման արագությունը թույլ են տալիս, ապա մոդելը կարող է ազատորեն շարժվել։ Շարժումը սովորաբար չեզոքացնում է ավելորդ լարվածությունը, ու մարդը նորից իրեն բնական է պահում։
3/4 — կադրը սկսվում է ազդրերի միջնամասից ու վերջանում գլխից վերև։ Քանի որ տեղի է ունենում պլանի խոշորացում, ձեռքերի դիրքը ու դեմքի արտահայտությունը ավելի մեծ կարևորություն են ստանում։ Եվ նորից, մոդելի մի փոքր անկյան տակ թեքված լինելը կադրին տալիս է ծավալ և պրոֆեսիոնալիզմ, կոտրում է սառնությունը և անբնականությունը։
2/4 կամ կես մարմին — Բավական տարածված դիմանկարի ֆորմատ է։ Սկսվում է գոտկատեղից ու վերջանում գլխից վերև։ Ոտքերի դիրքը արդեն էական չէ, իսկ դեմքը էլ ավելի արտահայտիչ է դառնում։ Կարևոր է հիշել, որ ըստ հնարավորության մոդելի ձեռքերը չենք կտրում կադրում։ Դա բավականին տարօրինակ է ընկալվում մեր ուղեղի կողմից, այնպես որ ավելի լավ է ձեռքերը լինեն գոտկատեղից վերև կամ էլ կադրը մի փոքր լայնանա ու գնա դեպի 3/4։
1/4 կամ ամբողջական դիմանկար — Այս պլանը ամենատարածվածն է, ու առաջինն է գալիս մարդկանց մտքին երբ ասում են դիմանկար։ Կադրը սկսվում է կրծքավանդակից ու վերջանում գլխից վերև։ Դեմքի արտահայտությունը այստեղ որոշիչ է, քանի որ կադրը գրեթե չի կենտրոնանում մարմնի այլ մասերի վրա։ Իսկ որպեսզի հայացքը նույնպես բնական լինի, խնդրեք մոդելին նայել ոչ թե ձեր ուղղությամբ, այլ ուղիղ օբյեկտիվի մեջ։ Այդ փոքրիկ փոփոխությունը կարող է տրամագծորեն փոխել դիմանկարի «ուժը», ստիպել, որ լուսանկարի հերոսը նայի ուղիղ դիտորդի աչքերի մեջ։
Նկարագրած պլանները իհարկե օրենք չեն, նրանց ազատորեն կարելի է խախտել, և ես միանշանակ խորհուրդ եմ տալիս նրանց խախտել։ Սրանք ուղղակի պատրաստի լուծումներ են ստանդարտ իրավիճակներում որակյալ արդյունք ստանալու համար (օրինակ կորպորատիվ դիմանկարների դեպքում), բայց ոչինչ ձեզ չի խանգարում ոչ ստանդարտ իրավիճակներում կատարել փորձեր, մոտենալ կամ հեռանալ սուբյեկտից, նրան տեղափոխել կադրի տարբեր մասեր, ստանալ սիմմետրիա և ասիմմետրիա, կենտրոնանալ ոչ թե հայացքի այլ օրինակ ձեռքերի վրա։ Վերջիվերջո հենց փորձերի և սխալների միջոցով է լինելու ձեր պրոֆեսիոնալ աճը, այնպես որ չվախենաք նորը կամ տարբերվողը ստանալ, չվախենաք «ոչ ճիշտ» դիմանկարներից։

Դիմանկարի հետաքրքիր առանձնահատկություններից մեկն է նրա տարածական հստակ բաժանումը երկու մասի՝ սուբյեկտի և ֆոնի։ Նորեկները կենտրոնանում են հիմնականում սուբյեկտի վրա (և դա ճիշտ է), բայց ամբողջովին աչքաթող են անում ֆոնը (իսկ սա արդեն մեծ սխալ է)։ Դա ունենում է վատ հետևանքներ կադրի վրա՝ մեծանում է վիզուալ աղտոտվածությունը, փչանում կոմպոզիցիան, ու դիտողի ուշադրությունը շեղվում է մեր սուբյեկտի վրայից։ Այնպես որ կադրը կառուցելուց հաշվի առեք թե ինչ է շրջապատում ձեր սուբյեկտին, ինչն է հայտնվելու կադրում ու ինչը դուրս մնալու, նույնիսկ եթե ֆոնը ոչ հստակ է լինելու։
Հիշում եք չէ, դիմանկարը դա ուղղակի մարդու լուսանկար չէ։ Դուք պետք է պատմեք ձեր հերոսի մասին, տաք ինֆորմացիա, թե ով է լուսանկարի հերոսը, ինչպիսի մարդ է նա, ինչ է զգում։ Բանկի կառավարչին կամ քաղաքական գործչին նկարահանելուց ձեր նպատակն է առաջացնել վստահության և ուժի զգացում, իսկ հենց նոր առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկի լուսանկարը պետք է ոգեշնչի, ունենա վարակիչ էներգիա։ Սա իհարկե միայն օրինակ, իսկ գլխավոր միտքը այստեղ այն էր, որ դիմանկարի դեպքում էմոցիոնալ կոնտեքստը չափազանց կարևոր է, նա կշիռ ու էներգիա է տալու լուսանկարին։ Այնպես որ, հստակ գիտակցեք, թե ում եք լուսանկարում և ինչ համատեքստում։ Փորձեք նրա դիրքի և դեմքի արտահայտության միջոցով փոխանցել այդ էմոցիաները, մի թողեք, որպեսզի լուսանկարին նայողը ինքը գուշակի, որովհետև նրա մոտ դա չի ստացվելու առանց ձեր օգնության։

Դե ինչ, անցնե՞նք առաջ։ Եկեք հասկանանք ինչ տեխնիկա է մեզ անհրաժեշտ։ Եթե պլանավորում եք հաճախ կատարել դիմանկարներ, ապա ֆոտոխցիկի ընտրությունը կարևոր է։ Ոչ հայելային համակարգերը այստեղ ունեն մի ակնհայտ առավելություն՝ աչքի վրա աշխատող ավտոֆոկուսը։ Այս ֆունկցիան ահռելի ժամանակ է խնայում, միաժամանակ տալով ավելի լավ արդյունք քան ֆոկուսավորման ցանկացած այլ մեխանիզմ։ Սենսորի չափի մասին բավականին մանրամասն խոսել ենք, բայց այստեղ կարիք կա նորից վերհիշելու։ Եթե դիմանկարները արվելու են բնական լույսի տակ, այլ ոչ ստուդիայում, ապա շատ հաճախ խնդիր կունենաք լույսի քանակի հետ։ Այս դեպքում լավ որակի պատկեր ստանալու համար full frame-ը նախընտրելի է՝ շնորհիվ նրա բարձր ISO-ում ավելի որակյալ ու անաղմուկ պատկեր տալու ունակության։ Արտաքին լույս օգտոգրծելու դեպքում այս խնդիրը արդեն ակտուալ չէ։
Օբյեկտիվների ընտրությանը նույնպես պետք է լուրջ մոտենալ լավ որակի դիմանկարներ ստանալու համար։ Դասական դիմանկարում մենք ցանկանում ենք սուբյեկտին առանձնացնել նրան շրջապատող ֆոնից, և այդպիսով կոնտրոնացնենք դիտողի ուշադրությունը միայն սուբյեկտի վրա։ Դրան կարելի է հասնել երկու ճանապարհով՝ օգտագործել երկար կիզակետային հեռավորություն կամ լայն բացված դիաֆրագմա։ Այդ նպատակով առավել կիրառելի են հետևյալ ֆիքսված օբյեկտիվները, որոնք կգտնեք գրեթե բոլոր արտադրողների մոտ։
— 50մմ f/1.8 և 50մմ f/1.4
— 85մմ f/1.8 և 85մմ f/1.4
— 135մմ f/1.8
Իհարկե շուկայում առկա են նաև այլ տարբերակներ, որտեղ առավելագույն բացվածքը ավելի լայն է, քան f/1.4-ը, բայց դրանք կամ առանց ավտոֆոկուսի են (ինչը բարդացնում և սահմանափակում է օգտագործումը), կամ էլ ունեն ավտոֆոկուս և աստղաբաշխական գումարներ արժեն։
Առավելագույն բացվածքի մասով կարծես հասկացանք՝ ինչքան լայն այնքան լավ, իսկ ինչպե՞ս ընտրել կիզակետային հեռավորությունը։ Իսկ այստեղ ամեն ինչ կախված է թե ինչ պայմաններում եք նկարահանելու։ Ինչպես հիշում եք, կիզակետային հեռավորությունը ուղիղ կերպով ազդում էր պատկերի խոշորացման վրա։ Եթե դուք ազատ տարածության մեջ եք նկարահանելու, ու խնդիր չունեք մոտենալու կամ հեռանալու մոդելից, ապա 85 և 135 միլիմետր կիզակետային հեռավորությունը իդեալական են։ Բայց եթե շինության ներսում եք լինելու, ու ֆիզիկապես ի վիճակի չեք լինելու շատ հեռանալ մոդելից, ապա պետք է դիտարկել ավելի փոքր կիզակետային հեռավորությունը։
Ու ևս մեկ կարևոր գործոն կախված այս նույն պարամետրից։ Եթե դուք ուզում եք խոշոր պլան ստանալ, ապա ինչքան փոքր է կիզակետային հեռավորությունը, այնքան ավելի պետք է մոտենաք սուբյեկտին։ Նախ դա ոչ միշտ է հնարավոր՝ տարատեսակ միջոցառումների ժամանակ լուսանկարիչը որոշակի հեռավորություն պետք է պահպանի, և բացի այդ, շատ մոտենալը կարող է որոշակի դիսկոմֆորտ առաջացնել մարդու մոտ, ում անձնական տարածք են մտնում։
Այս բոլոր խնդիրները լուծվում են, եթե ունենում եք փոփոխական կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվ։ Խոշոր արտադրողների մոտ դե ֆակտո ստանդարտ է համարվում պրոֆեսիոնալ 70-200 f/2.8 օբյեկտիվը, որը թույլ է տալիս կատարել բոլոր տեսակի դիմանկարներ ու չեզոքացնել տարածության մեջ տեղաշարժվելու խնդիրները։ Իհարկե, դուք կորցնելու եք երկու քայլ առավելագույն բացվածք, բայց փոխարենը ձեռք եք բերելու օբյեկտիվ, որը թույլ է տալիս միաժամանակ ստանալ ինչպես խմբակային լուանկարներ, այնպես էլ խոշոր պլանով դիմանկարներ առանց տեղից շարժվելու կամ օբյեկտիվը փոխելու։ Իհարկե այս օբյեկտիվները էժան չեն, բայց նրանց տված որակը և հարմարավետությունը միանշանակ արժեն այդ գինը, առավել ևս, եթե դիմանկարները ձեր հիմնական զբաղմունքն են լինելու։

Կարգավորումների ընտրությունը բավական ստանդարտ է։ Մոդելին ֆոնից տարանաջատելու համար առաջին հերթին լայնացնում ենք դիաֆրագման, իսկ մարդուն անշարժացնելու համար պահելաժամը ընտրում 1/250-րդ վայրկյան կամ դրանից արագ։ ISO-ն պահում ենք հնարավորինս ցածր՝ որակի կորուստ չունենալու համար, կարելի է ուղղակի վերին շեմով Auto ISO միացնել ֆոտոխցիկի կարգավորումներից։ Իհարկե ոչ մի ճշգրիտ կարգավորումների խումբ ես այստեղ տալ չեմ կարող՝ ամեն ինչ կախված է թե ինչքան լուսավոր է միջավայրը, ինչքան պետք է լինի հստակ տիրույթի խորությունը և ինչպիսի ֆոն ունեք։
Այս հրապարակման սկզբում ես խոսեցի, որ դիմանկարը դա պատուհան է դեպի մարդու հոգի։ Իսկ ի՞նչն է ավելի լավ պատմում մարդու մասին, քան նրա աչքերը։ Հենց դրա համար է, որ դիմանկարի ժամանակ աչքերը պետք է լինեն ֆոկուսի մեջ։ Եթե խոսքը գեղարվեստական ոճի լուսանկարի մասին չէ, որտեղ դուք նպատակային եք ուրիշ ֆոկուսավորման կետ ընտրում, ապա սա օրենք է, որը չարժի խախտել (այո, այո, ես հիշում եմ, որ ասել էի բոլոր օրենքները կարելի է խախտել․ բոլորը բացի սրանից)։ Եթե օգտագործում եք ոչ հայելային ֆոտոխցիկ, ապա որպես ֆոկուսավորման զոնա ընտրեք աչքի ավտոֆոկուսը՝ այդպիսով աշխատանքը ձեր փոխարեն կանի ֆոտոխցիկը։ Մնացած դեպքերում ընտրեք Single-Point կամ Dynamic ռեժիմները, ու ինքնուրույն ֆոկուսավորվեք մոդելի աչքի վրա։ Կարևոր է նաև հիշել, որ եթե մարդու դեմքը որոշակի անկյան տակ է նայում օբյեկտիվին, այսինքն մի աչքը ավելի մոտիկ է, քան մյուսը, ապա ֆոկուսավորվում են մոտիկ աչքի վրա։

Եվ այսպիսով
- Լավ դիմանկար ստանալու համար բացի տեխնիկական ունակություններից նաև անհրաժեշտ է որոշակի հմտություններ շփման մեջ։ Ներգրավվեք մոդելին պրոցեսի մեջ, հաշվի առեք նրա կարծիքը, թույլ տվեք նա նույնպես որոշումներ կայացնի։
- Մոդելի դիրքը առավել քան կարևոր է։ Եթե ամբողջ մարմինը կամ նրա մեծ մասը կադրում են, պետք է ուշադրություն դարձնել մարմնի դիրքին և վերջույթներին։
- Չենք մոռանում ֆոնի մասին, այն ունակ է հեշտությամբ փչացնելու լավ կադրը։
- Ձեզ պետք է ոչ թե ուղղակի դիմանկար, այլ էմոցիա։ Հասկացեք ինչ է զգում ձեր հերոսը, և փորձեք հենց դա ստանալ կադրում։
- Ոչ հայելային ֆոտոխցիկները տալու են առավելություն ֆոկուսավորման ժամանակ։
- Դիմանկարներ անելուց առավել համապատասխանում են մեծ կիզակետային հեռավորությամբ և լայն առավելագույն բացվածք ունեցող օբյեկտիվները, քանի որ թույլ են տալիս տարանջատել սուբյեկտին ֆոնից, ինչպես նաև պահպանել հարմարավետ հեռավորություն մոդելից։
- Կարգավորումները դնելիս չենք մոռանում պահելաժամի մասին՝ սուբյեկտին պետք է անշարժեցնելլ։
- Եթե կոնցեպտուալ դիմանկարներ չեք անում, ապա որպես ֆոկուսավորման կետ ընտրում ենք աչքերը։
Աջակցել նախագծին Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank
