You are currently viewing Սպորտ (Sport photography)
Photo by Noel Snpr on Pexels.com

Սպորտ (Sport photography)

Այն տևում է ակնթարթ, ընդամենը մի ակնթարթ։ Եվ եթե դուք հասցնում եք, ապա ունենում եք ֆանտաստիկ կադր, որտեղ մարզիկի մարմինը մարդկայինի սահմաններից դուրս ատլետիզմ է դրսևորել, որտեղ էմոցիաները հասել են իրենց գագաթնակետին ու դաջվել նրա դեմքին։


Photo by Noel Snpr on Pexels.com

Սպորտային լուսանկարչությունը ինքնին արդեն սպորտ է, որտեղ դուք մրցում եք ժամանակի ու տարածության հետ, ու ամենակարևորը ինքներդ ձեզ հետ։ Այստեղ դուք պետք է խորությամբ հասկանաք այն ինչ նկարահանում եք՝ ուղղակի անհնար է ստանալ լավ կադր եթե ամբողջովին չեք տիրապետում խաղի կանոններին։ Դուք որոշակի առումով պետք է նաև ապագան կանխատեսեք՝ հասկանաք որտեղ է հայտնվելու գնդակը կամ մարզիկը մի ակնթարթ հետո, ու արդեն պատրաստվեք այդ պահին։ 

Ինչ-որ առումով, սպորտային լուսանկարչությունը նման է վայրի բնությունը լուսանկարելուն։ Այստեղ նույնպես ամեն ինչ տեղի է ունենում արագ, ու դուք ոչ մի կերպ չեք կարող ազդել իրավիճակի վրա։ Բայց կան նաև մի քանի որոշիչ տարբերություններ։ Նախ սպորտային լուսանկարչության մեջ շատ մեծ տեղ է գրավում էմոցիան։ Խորը կենտրոնացած հայացք, պարտության հիասթափություն ու հաղթանակի բերկրանք՝ այս ամենն է, որ սպորտային լուսանկարչությունը այդքան առանձնացնում է մնացած բոլոր ժանրերից։ Այստեղ ամեն ինչն իրական է՝ էմոցիաները, ցավը, ուժերի գերլարումը և թևաթափ լինելը։ Սպորտը ինքնին կյանք է, նրա խտացված դրսևորումն է։ Որպես լուսանկարիչ ձեր առաջնային աշխատանքն է ֆիքսել այդ կյանքը, կադրում ունենալ էմոցիա։

Photo by Coco Championship on Pexels.com

Մյուս կարևոր տարբերությունը, դա իրավիճակի որոշակի կանխատեսելիությունն է։ Երբ ֆոտբոլում անկյունային հարված է տեղի ունենալու, դուք գիտեք, որ մեկ վայրկյան անց տուգանային հրապարակում գրեթե բոլորը հայտնվելու են օդում։ Դուք գիտեք, թե ինչ հետագծով է շարժվելու սպորտային մեքենան մրցուղու վրա, ու գիտեք, որ կողմ են վազելու մարզիկները սուլիչից հետո։ Այս ամենը նշանակում է, որ բացի հենց այդ պահը լուսանկարելուց դուք պետք է նաև պատրաստ լինեք մի քանի ակնթարթ հետո եկող պահը ֆիքսել։ Ու հենց այդ գուշակելու ունակությունն է լավ սպորտային լուսանկարչին տարբերում սովորականից, այդ ունակությունն է ստեղծում կադրեր, որոնք իրենց տեղն են զբաղեցնում այդ սպորտաձևի պատմության մեջ։

Ինչպես արդեն ասեցի, տեխնիկական բաղադրիչը շատ նման է վայրի բնություն լուսանկարելուն, այնպես որ շատ երկար չեմ կանգնի դրա վրա։

Ձեզ պետք է լավ ֆոտոխցիկ, ցանկալի է ստաբիլիզացիայով, և ժամանակակից սենսորով, որը ունակ է տալ լավ արդյունք բավական բարձր ISO-ի արժեքների դեպքում։ Ավտոֆոկուսը պետք է լինի արագ, իսկ սերիական նկարահանման արագությունը բարձր։ Օբյեկտիվի ընտրությունը բավական սահմանափակ է՝ տելեօբյեկտիվ կամ սուպեր-տելեօբյեկտիվ։ Եթե խաղի տարածքը ոչ շատ մեծ է (օրինակ բռնցքամարտի դեպքում), ապա 70-200-ը իդեալական է։ Ավելի լայն տարածական սպորտաձևերի դեպքում, ինչպես օրինակ ֆուտբոլը կամ բասկետբոլն է, արդեն կարիք կա ավելի մեծ կիզակետային հեռավորության՝ 200-500մմ կամ համարժեք այլ բան։

Շուկայում առկա են նաև ֆիքսված կիզակետային հեռավորությամբ տելեօբյեկտիվներ՝ 400մմ, 600մմ, 800մմ։ Իհարկե նրանց առավելագույն բացվածքը ավելի լայն է՝ ընդհուպ մինչև f/2.8, իսկ պատկերի որակը ավելի բարձր, բայց թերություններ նույնպես կան։ Նախ նրանք թանկարժեք են, ավելի թանկ քան փոփոխական հեռավորությամբ համարժեք օբյեկտիվները։ Բացի դրանից, նրանք լրջագույն կերպով սահմանափակում են լուսանկարչին։ Սովորաբար լուսանկարչի աշխատանքային տիրույթը բավականին նեղ է, նա կարող է տեղաշարժվել դաշտի կամ մրցագորգի եզրով, այն էլ ոչ ամբողջ երկայնքով։ Այնպես որ հեռացող կամ մոտեցող մարզիկներին ֆիքսելու համար ավելի հարմար են հենց փոփոխական կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվները։

Photo by Guduru Ajay bhargav on Pexels.com

Եթե սպորտաձևը, որը նկարահանում եք, բացօթյա է, անհրաժեշտ է հաշվի առնել նաև վատ եղանակային պայմանները։ Պատրաստ եղեք պաշտպանելու ինչպես ձեզ, այնպես էլ ֆոտոխցիկը հանկարծակի անձրևից կամ ուժեղ քամուց։ 

Կարգավորումների մեջ ոչ մի նոր բան չկա։ Մեր համար առաջնային կարևորությունը ունի պահելաժամը, ոչ մի դեպքում դրա ընտրությունը չենք թողնում ֆոտոխցիկի վրա։ Կախված ընտրված օբյեկտիվից այն կարող է տարբեր լինել, բայց սովորաբար 1/500-րդ վայրկյանը կամ ավելի արագը լիովին կբավարարի անշարժեցնելու կադրը։ ISO-ի շեմը խելամիտի սահմաններում բարձրացնում ենք՝ ավելի լավ է ստանանք մի քիչ ավել աղմուկով պատկեր, քան ոչ հստակ կամ սխալ լուսավորված կադր։ 

Որպեսզի ոչ մի կարևոր պահ բաց չթողնենք, նկարահանման ռեժիմը դնում ենք սերիականի վրա, իսկ ֆոկուսավորմանը շարունակականի վրա։ Չենք մոռանում, որ աչքերը պետք է ֆոկուսի մեջ լինեն, եթե կադրում երևում է մարզիկի դեմքը։

Մինչև ամփոփելը ևս մի կարևոր կետ, որը այդքան էլ կապ չունի բուն լուսանկարչության հետ։ Ես գիտեմ, որ երբ կենտրոնացած ինչ-որ բան ես լուսանկարում, ամբողջ աշխարհը քո համար փոքրանում ու կենտրոնանում ֆոտոխցիկի մեջ։ Այդ ժամանակ հաճախ մենք չենք տեսնում ինչ է կատարվում մեր շուրջը, իսկ սպորտային լուսանկարչության ժամանակ դա այդքան էլ լավ չէ։ Արագ ընթացող գնդակը կամ մարզիկը մեկ ակնթարթում կարող են հայտնվել ձեր դիմացը, հարվածել, ու այդպիսով վնասել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր տեխնիկան։ Այնպես որ, չենք մոռանում նաև իրական աշխարհի մասին՝ առողջական և ֆինանսական կորուստները նվազագույնի հասցնելու համար։

Դե ինչ, ստացվեց մի փոքր կարճ, բայց միևնույն է հագեցած ինֆորմացիայով։

  • Լավ կադր ստանալու համար ուղղակի անհրաժեշտ է հասկանալ այն սպորտը կամ խաղը որ նկարահանում եք։
  • Սպորտային կարևոր դրվագները ֆիքսելու հետ մեկտեղ մի մոռացեք մարզիկների էմոցիաների մասին։
  • Փորձեք լինել մեկ քայլ առաջ, նախօրոք ուղղեք ֆոտոխցիկը այնտեղ, որտեղ ինչ-որ կարևոր գործողություն է կատարվելու։
  • Ֆոտոխցիկի ընտրության ժամանակ առավել ուշադրություն դարձրեք ավտոֆոկուսի արագությանը և սենսորի հատկություններին բարձր ISO-ի ժամանակ։
  • Օբյեկտիվի ընտրությունը կախված է թե ինչ մեծության մակերեսի վրա են ընթանալու ակտիվ գործողությունները՝ ինչքան այն մեծ է, այնքան երկար կիզակետային հեռավորություն է պետք։
  • Առաջնային կարգավորումը պահելաժամն է, դուք եք պատասխանատու կադրը անշարժեցնելու համար։
  • Մի քանի կադրը այս դեպքում միշտ էլ ավելի նախընտրելի է, քան մեկը, իսկ որպեսզի ֆոկուսավորման խնդիր չունենաք, ընտրեք շարունակական ֆոկուսավորման ռեժիմը։
  • Ուշադրություն դարձրեք նաև միջավայրին՝ մեծ արագությամբ ընթացող գնդակը կամ մարզիկը կարող է վնասել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր թանկարժեք տեխնիկան։

Leave a Reply