Մի ամբողջ գիրք կարելի է գրել այս ժանրի մասին, և միևնույն է այն չի կարողանա իր մեջ տեղավորել այն ամբողջը, ինչի մասին է փողոցային լուսանկարչությունը։ Սա լուսանկարչության ամենաբնական, առանց ձևականությունների ու ֆիլտրերի ժանրն է, այստեղ ամեն ինչն է իրական՝ մարդիկ, քաղաքը, ժամանակը։ Առօրյա քաոտիկ ու միշտ շտապող կյանքը հանկարծ կանգ է առնում այստեղ, սովորական մարդիկ դառնում են անսովոր կերպարներ, իսկ նրանց ամենօրյա գործողությունները հավերժանում ժամանակի մեջ։ Այս ժանրում են փողոցները վերածվում ուղղակի միջավայրից գլխավոր հերոսների՝ իրենց հոգով ու բնավորությամբ։
Թերևս լուսանկարչության ամենաբարդ ժանրն է սա։ Ուղղակի դուրս գալ փողոց ու զբոսնելով լուսանկարելը բավարար չէ լավ կադրեր ստանալու համար։ Դուք պետք է ունենաք ահռելի համբերություն, անընդհատ փնտրեք ու տեսնեք տարբերվողը, իսկ երբ վերջապես հայտնվեք այդ կախարդական պահի մեջ, ակնթարթորեն արձագանքեք՝ ժամանակային պատուհանը այստեղ վայրկյաններ է։ Դուք պետք է ոչ միայն լուսանկարեք, այլև պատմեք պատմություն, տաք հարցեր կամ պատասխանեք դրանց, դուրս գաք կադրի սահմաններից։

Եվ այսպես, ի՞նչ է վերջիվերջո փողոցային լուսանկարչությունը։ Ես չեմ կարող հստակ ասել։ Կարծում եմ ոչ ոք չի կարող ասել։ Այն կարող է ունենալ հերոս, կարող է ունենալ միայն նրա ստվերը, կամ նրան պատկանող որևէ իրը։ Այն կարող է կատարված լինել փողոցում կամ խանութում, լինել գունավոր կամ անգույն։ Հստակ սահմանում չկա, բայց երբ դուք նայում եք այդպիսի լուսանկարի, միանշանակ կարող եք նրան ճանաչել։ Բարդ և բազմակողմանի է փողոցային լուսանկարչությունը։
Մինչև տեխնիկական մասին անցնելը, եկեք փողոցային լուսանկարչությանը մի փոքր այլ կողմից նայենք։ Սրանք շատ կարևոր են մանրուքներ են, և երևի թե հենց սրանց առկայությունը կամ բացակայությունն է տալիս այն կարևոր որակական հատկանիշները, որը սովորական լուսանկարը դարձնում է բացառիկ։

Սկզբի համար դանդաղեք։ Ո՛չ, սա չի հակասում վերևում գրվածին, երբ պետք է կայծակնային արագ լինեք կադրը ստանալու պահին։ Խոսքը մինչև լուսանկարելն է, երբ դուք դեռ ուղղակի հայացքով փնտրում եք հարմար կադրը։ Փողոցային լուսանկարիչը ժամանակի ահռելի մասը զբաղված է ուղղակի իր շուրջը նայելով և անսովորի փնտրտուքներով։ Իսկ այդ անսովորը քաղաքային ռիթմի մեջ տեսնելը այնքան էլ հեշտ չէ, ու հենց դրա համար է պետք դանդաղել։ Ուղղակի հետևեք քաղաքին, փորձեք զգալ նրա տեմպը, երբ են շարժվում մեքենաները, և երբ մարդիկ, որտեղով են նրանք քայլում կամ հաճախ կանգ առնում։ Այնքան դանդաղեք, որ դառնաք քաղաքի մի մասը։
Կիրառեք անծանոթի հայացքը։ Երբ դու մի ամբողջ կյանք ապրում ես մի քաղաքում, դժվար է ամեն մի քայլին ծանոթ փողոցների ու շենքերի մեջ տեսնել անսովորը։ Դրա համար կարող եք խաբել ձեր ուղեղին՝ պատկերացնել, որ առաջին անգամ եք այստեղ, անծանոթի հայացքով նայել այդքան լավ ծանոթ քաղաքին։ Փորձեք, ու ինքներդ կզարմանաք, թե ինչքան նոր բան կա ձեզ այդքան հարազատ միջավայրում։
Ի տարբերություն շատ այլ ժանրերի, փողոցային լուսանկարչությունը կարող է ունենալ շարունակականություն։ Այստեղ բազմաթիվ կադրեր կարող են կապված լինել միմյանց հետ անտեսանելի թելով ու դառնալ մի ամբողջ պատմություն։ Այդ պատմության մեխը կարող է լինել ժամանակը (մի երեկո կամ շաբաթ), տեղանքը (ինչ-որ թաղամաս, քաղաք) կամ կերպարները (տարբերվող հագուկապով կամ նման զբաղմունքով մադրիկ)։ Սա փողոցային լուսանկարչության սուպերուժն է, սա այն է, ինչն այդքան տարբեր է դարձնում այս ժանրը, տալիս նրան մի նոր չափման տիրույթ։ Այնպես որ, եթե ձեր մոտ ստեղծագործական ճգնաժամ է և չգիտեք ինչ լուսանկարել, ելքը այդ իրավիճակից կարող է լինել որևէ նախագիծը։ Ու ընդհանրապես կարևոր չէ նախագծի թեման, ցանկացած խելքին մոտ գաղափար կաշխատի՝ հերիք է կենտրոնանալ նրա վրա, և դուք կսկսեք ամենուր նկատել նրան։

Փողոցային լուսանկարչության դեպքում շատ կարևոր է կոմպոզիցիան։ Քաղաքային կյանքը բավական քաոտիկ է։ Դուք հազվադեպ եք հանդիպելու ինչ-որ օրինաչափություն կամ դասավորվածություն (թեև ձեր նպատակն է այն գտնել կամ ստեղծել)։ Ուղղակի լուսանկարել քաոսը կարող է ցանկացածը, և դա չի լինի փողոցային լուսանկար։ Վերջինս չի ներում անփութությունը, այն պահանջում է որոշակի կոմպոզիցիա, որոշակի սահմաններ և կանոններ։ Ինչպես դիմանկարի դեպքում, այստեղ ֆոնը շատ կարևոր է, ավելի կարևոր։ Մինչև որևէ մեկին լուսանկարելը, ուղղակի մի պահ կանգ առեք, ու տեսեք, թե սուբյեկտից բացի ուրիշ ինչ է կադրում հայտնվելու։ Հավանականությունը, որ այնտեղ կլինեն ավելորդ օբյեկտներ շատ մեծ է, իսկ դրանք իրենց հերթին շեղելու են գլխավորից՝ սուբյեկտից։
Այս խնդիրը լուծելու բավական տարածված տարբերակ է գալ հակառակ կողմից՝ սկզբում գտնել ֆոնը, իսկ հետո նոր սուբյեկտը։ Դուք տեսնում եք հետաքրքիր միջավայր (գրաֆիտիով պատկերազարդված պատ, ստորգետնյա կամ վերգետնյա անցում, ամբողջովին հայելային ապակիներ), որսորդի նման դիրքավորվում եք ու սկսում սպասել։ Վաղ թե ուշ ինչ-որ մեկը անցնում է ձեր դիմացով, ու ձեզ մնում միայն հասցնել սեղմել նկարահանման կոճակը։

Քանի որ խոսեցինք անծանոթներին լուսանկարելուց, եկեք նաև անդրադառնանք փողոցային լուսանկարչության էթիկական կողմին։ Այսպես թե այնպես, ձեր կադրերի մեծ մասում հայտնվելու են մարդիկ։ Նրանք կարող են լինել ընդհանուր պլանի մաս և այդ դեպքում գրեթե ոչ մի խնդիր չի առաջանում։ Բայց երբ բավական ակնհայտ լուսանկարում եք կոնկրետ մարդու, այն էլ խոշոր պլանով, ապա վերջինիս դա կարող է դուր չգալ։ Այդ դեպքում պետք չէ կոնֆլիկտի գնալ, կամ միանգամից ջնջել ստացված կադրը։ Փորձեք բացատրել, որ դուք ուղղակի նախագծի համար եք լուսանկարում, և ձեր «զոհը» շատ տպավորիչ տեսք ուներ։ Կարող եք նրան ցույց տալ ստացված կադրը, հարցնել նրա կարծիքը՝ այդպիսով դարձնելով նրան մասնակից պրոցեսին, խոստանալ, որ կկիսվեք նրա հետ լուսանկարով։ Իսկ եթե այնուամենայնիվ դա չի օգնում, նրա աչքի առջև ջնջեք լուսանկարը՝ անձնական կյանքի իրավունքը ամեն դեպքում խախտել չի կարելի։ Երեխաների դեպքում առավել քան զգուշավոր է պետք լինել, և լուսանկարել միայն նախապես ծնողից թույլտվություն հարցնելուց հետո։ Աշխարհի գրեթե բոլոր երկրներում երեխաների անձնական կյանքի իրավունքը ավելի խիստ է պահպավում, իսկ վերջինիս խախտումը լուրջ անախորժությունների պատճառ կարող է դառնալ։
Իսկ եթե այնուամենայնիվ ուզում եք աննկատ մնալ (իսկ դա ուզում են բոլոր լուսանկարիչները), ապա կա մի քանի տեխնիկա։ Նախ դուք կարող եք լուսանկարել առանց ֆոտոխցիկը աչքին մոտեցնելու՝ գոտկատեղի հատվածից։ Եթե այդ ընթացքում հաջողացնեք ֆոտոխցիկի ուղղությամբ նույնիսկ չնայել, ապա հավանականությունը, որ ձեզ կնկատեն բավական իջնում է։ Իհարկե սա պահանջում է ահռելի փորձ ու ձեր տեխնիկայի կատարյալ իմացություն։
Մյուս լավ տարբերակը, դա լուսանկարելուց անմիջապես հետո ֆոտոխցիկը աչքից չհեռացնելն է։ Սա շատ բնական ցանկություն է՝ լուսանկարեցիր, իջեցնում ես ֆոտոխցիկը ու նայում արդյունքին։ Ու դրա մասին գիտեն բոլորը, այնպես որ, երբ ձեր դիմացով ինչ-որ մեկը անցնում է, իսկ դուք անմիջապես իջեցնում եք ֆոտոխցիկը, նա հասկանում է, որ դուք արդեն ստացել եք ձեր կադրը։ Փորձեք ավելի երկար պահել ֆոտոխցիկը, ու այդ դեպքում մարդկանց կթվա, որ դուք լուսանկարում եք նրանց հետևում եղածը, այլ ոչ թե նրանց։

Իսկ հիմա անցնենք փողոցային լուսանկարչության տեխնիկական կողմին։
Ֆոտոխցիկի ընտրությանը պետք է ամենայն լրջությամբ մոտենալ։ Առաջնային ու ամենակարևոր չափանիշը, դա քիչ նկատելի լինելն է։ Ու սա այն քիչ դեպքերից է, երբ APS-C և micro 4/3 սենսորով ֆոտոխցիկները ունեն մի մեծ առավելություն՝ նրանք ավելի փոքր են, նրանց օբյեկտիվները ավելի փոքր են։ Մի ուրիշ առավելություն էլ մեզ տալիս են ոչ հայելային ֆոտոխցիկները՝ վերջիններս ունեն electronic shutter, ինչը նշանակում է, որ կադրը ստանալուց ֆոտոխցիկից ոչ մի ձայն չի գալիս (ի տարբերություն նրանց հայելային գործընկերների», որտեղ հայելու մեխանիզմի փակվել-բացվելը ուղղորդվում է այնպիսի աղմուկով, որ ձեր աննկատ մնալու մասին կարող եք ուղղակի մոռանալ)։
Շուկայում կան նաև ֆոտոխցիկներ, որոնք ստեղծված են հենց փողոցային լուսանկարչությունը առավելագույնս հեշտացնելու համար, դրանք են Ricoh-ն և Fujifilm X100 սերիան, ինչպես նաև Sony-ի որոշ մոդելներ։ Այս ֆոտոխցիկները ունեն փոքր չափս, թեթև են, ու բավական աննկատ մուգ գունային ձևավորման մեջ, ինչը նրանց դարձնում է իդեալական տվյալ ժանրի համար։ Իհարկե, չմոռանանք, որ վերջիններս Bridge տեսակի են, այսինքն օբյեկտիվը նրանց մի մասն է (փոխել հնարավոր չէ), և սովորաբար ֆիքսված կիզակետային հեռավորություն ունի (28մմ կամ 40մմ)։
Մեծ ու ծանր օբյեկտիվները փողոցային լուսանկարչության մեջ այդքան էլ կիրառելի չեն, ու դա առաջին հերթին վերաբերվում է zoom օբյեկտիվներին։ Թեև նրանք ձեզ տալու են որոշակի ազատություն, բայց միևնույն ժամանակ չափազանց շատ ուշադրություն են գրավելու, ու միանգամից բոլորին ցույց են տալու, որ դուք պրոֆեսիոնալ եք։ Փողոցային լուսանկարչությունը սիրում է ֆիքսված ստանդարտ կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվներ՝ 28մմ, 35մմ, 40մմ, 50մմ։ Ընտրոթյունը ձերն է, դուք եք որոշում թե որ կիզակետային հեռավորությունն է ձեզ առավել հոգեհարազատ պատկեր տալիս։ Ընդհանուր պատկերների համար, ինչպես նաև միջավայրը առավելագույնս ցույց տալու համար մինչև 35մմ-ը ավելի հարմար է, իսկ եթե ուզում եք մի փոքր ավել հեռավորություն պահել, ապա արդեն դրանից բարձր։ Չմոռանանք նաև, որ եթե ֆոտոխցիկի սենսորը full frame չէ, ապա կիզակետային հեռավորությունը մեծանում է crop factor-ին պատիկ, հետևաբար նույն 50մմ-ը արդեն կտա 75մմ-ին համարժեք խոշորացում (ու ձեր կադրում այդքան էլ շատ բան չի տեղավորվի)։
Օբյեկտիվներին նվիրված հրապարակման մեջ ես չնշեցի ֆիքսված օբյեկտիվների մեկ կարևոր ոչ տեխնիկական առանձնահատկության մասին՝ երկար ժամանակ նույն օբյեկտիվով աշխատելու դեպքում դուք արդեն նախօրոք պատկերացնում եք ապագա կադրը, հասկանում կաշխատի կոմպոզիցիան թե չէ, ինչն է տեղավորվելու կադրում, իսկ ինչը դուրս մնալու։ Կարող է թվալ, որ սա այդքան էլ կարևոր չէ, իսկ իրականում սրա շնորհիվ ամեն վայրկյան ֆոտոխցիկը աչքին չեք մոտեցնում ու ավելորդ ուշադրություն գրավում։ Իսկ աննկատ մնալը փողոցային լուսանկարչության ակնհայտորեն կարևոր բաղադրիչներից է։

Մի տարօրինակ խորհուրդ ևս։ Ուշադրություն դարձրեք ձեր կոշիկներին։ Այո, այո, կոշիկներին։ Երբ տարվում ես փողոցային լուսանկարչությամբ, դուրս գալիս կադրի որսի, մեկ օրում 10-ից 15 կիլոմետր քայլելը ֆանտաստիկայի ժանրից չէ, իսկ այդ դեպքում ձեզ պետք են հարմարավետ ու թեթև, շնչող կոշիկներ։
Կարգավորումները ցանկալի է ընտրել նախօրոք՝ դուք հաստատ մի քանի ավելորդ վայրկյան չեք ունենա, որպեսզի պատրաստեք ֆոտոխցիկը կադր ստանալուց առաջ։ ISO-ի ընտրությունը կարելի է թողնել ֆոտոխցիկի վրա՝ իհարկե նախօրոք դրա վերին շեմը բավական բարձրացնելուց հետո։ Փողոցային լուսանկարչությունը այն քիչ ժանրերից է, որտեղ պատկերում առաջացած աղմուկը բացասական չի ընկալվում։ Էքսպոզիցիայի մյուս երկու պարամետրերից արդեն ընտրում եք այն, որի տված ազդեցությունը ձեզ համար ավելի կարևոր է, այստեղ չկա ճիշտ կամ սխալ տարբերակ։ Եթե ցանկանում եք կառավարել շարժումը, ապա գնում եք S mode, այդպիսով դիաֆրագմայի կառավարումը թողնելով ֆոտոխցիկին։ Եվ հակառակը, եթե ձեր համար ավելի կարևոր է հստակ տիրույթի խորությունը, ապա անցնում եք A mode։ Այս դեպքում կարևոր է ստուգել, որ ֆոտոխցիկը հնարավորություն չունենա շատ դանդաղեցնելու սպասելաժամը՝ ոչ հստակ կադրը ոչ մեկին էլ պետք չէ։
Ֆոկուսավորվան ռեժիմը ընտրելիս կարևոր է հաշվի առնել, որ կադրի մեջ գտնվող գրեթե ամեն ինչ շարժման մեջ է լինելու։ Նախընտրելի տարբերակներն են Dynamic և 3D tracking autofocus ռեժիմները՝ վերջիններս նախ մեծացնում են շանսը բաց չթողնելու սուբյեկտին, և բացի այդ հնարավորություն տալիս առանց ֆոտոխցիկին նայելու ֆոկուսավորվել կադրի որևե հատվածում։

Եվ վերջում մի քանի կարճ խորհուրդներ։ Փողոցային լուսանկարչությունը չունի օրենքներ՝ այն ինչը աշխատում է ուրիշ ժանրերում, այստեղ կարող է ցանկալի արդյունք չտալ, և հակառակը, օրենքների լիակատար խախտումը կարող է անսպասելի լավ ու հետաքրքիր կադրերի ստեղծման հիմք հանդիսանալ։ Այնպես որ, մի՛ վախեցեք փորձերից։ Բարձրացեք վերև կամ իջեք ներքև, գտեք լույսի ու ստվերի հետաքրքիր խաղ, վերաիմաստավորեք նորմալը, դարձրեք քաղաքին կոմպոզիցիայի մի մաս, տվեք նրան դեմք ու սարքեք հերոս, այլ ոչ թե ուղղակի միջավայր։
Մի մոռացեք նաև քաղաքի գիշերային կողմի մասին։ Յուրաքանչյուր քաղաք գիշերը ամբողջովին վերափոխվում է, ստանում նոր կյանք ու նոր ռիթմ։ Ցածր լուսավորվածությունը չպիտի դառնա խոչընդոտ՝ միշտ էլ կարելի է ISO-ն բարձրացնել, իսկ արագ օբյեկտիվի դեպքում առավել ևս մտածելու ոչինչ չունեք։

Այսպիսով
- Այս ժանրում աշխատանքի մեծ մասը արվում է ֆոտոխցիկից դուրս՝ սովորեք դանդաղել ու հետևել աշխարհին, նկատել անսովորը ու տեսնել տարբերվողը։
- Մի քանի տասնյակ կադրերը կարող են միավորվել մեկ պրոյեկտի մեջ, ունենալով ընդհանուր գաղափար։
- Կոմպոզիցիան այստեղ առանձնահատուկ կարևոր է, ուշադիր եղեք, թե ինչն է հայտնվում կադրում, իսկ ինչը ոչ։ Որպես լավ տարբերակ կարող եք գալ հակառակ կողմից՝ սկզբում գտնել համապատասխան ֆոն, այնուհետև սպասել սուբյեկտին։
- Դուք պետք է դառնաք քաղաքային նինձյա՝ անտեսանելի և հնարավորինս քիչ ուշադրություն գրավող ձեր հագուկապով ու գործողություններով։
- Անծանոթներին լուսանկարելուց չենք մոռանում էթիկայի կանոնները ու մարդկանց անձնական կյանքի իրավունը։ Թեև օրենքի տեսանկյունից դուք կարող եք լուսանկարել հասարակական վայրում գտնվող անձանց, այնուամենայնիվ դա ոչ բոլորին է դուր գալու։
- Փորձեք լինել հնարավորինս աննկատ։
- Տեխնիկան պետք է լինի փոքր ու թեթև, քիչ նման պրոֆեսիոնալ տեխնիկայի, սա այն դեպքերից է, երբ լիակադր ֆոտոխցիկը իր տեղը զիջում է ավելի փոքր գործընկերներին։
- Օբյեկտիվներից նախընտրելի են ֆիքսված կիզակետային հեռավորություն ունեցողները՝ նրանք ունեն մեծ առավելագույն բացվածք, փոքր են, ավելի արագ ավտոֆոկուսով ու սովորաբար ավելի հստակ պատկեր են տալիս։
- Ֆոտոխցիկի կարգավորումները նախօրոք պատրաստեք, օգտվեք կիսաավտոմատ ռեժիմներից մեկից, նախընտրությունը տալով այն պարամետրին, որը ձեզ համար ավելի կարևոր է։
- Ֆոկուսավորումը պետք է լինի արագ և հնարավորինս քիչ խոտանի տոկոսով, այնպես որ մեծ քանակի ֆոկուսավորման կետերը ավելի նախընտրելի են։
- Այստեղ գրանիտի մեջ գրված օրենքներ չկան, փորձեք, փորձեք ու նորից փորձեք։ Տարբեր իրավիճակները տարբեր մոտեցումներ են պահանջում, ու չկան հստակ աշխատող կամ չաշխատող տարբերակներ։
Աջակցել նախագծին
Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank
