You are currently viewing Գույն և բալանս

Գույն և բալանս

Ինչքա՞ն սովորական բան է չէ լույսը։ Այնքան բնական, որ մենք նրա մասին գրեթե չենք մտածում․ այն կամ կա, կամ չկա, իսկ նրա այլ հատկությունները մեզ չեն էլ հետաքրքրում։ 

Բայց սա ճշմարիտ է, քանի դեռ դուք չեք վերցրել ֆոտոխցիկը ու ստացել ձեր առաջին կադրը։ Այդ պահից սկսած լույսը անցում է կատարում դեպի մի ուրիշ մակարդակ, ավելի բարդ, ավելի բազմակողմանի։ Այդ պահից լույսը բացի լինել-չլինելուց ստանում է նաև այլ հատկություններ՝ ինտենսիվություն, խորություն, գույն, երանգ։ Այո, լույսը ունի նաև գույն։ Սովորական կյանքում մենք դա չենք նկատում շնորհիվ մեր ուղեղի հրաշալի հատկությանը ուղղելու և հարթեցնելու աշխարհը, որպեսզի մեր համար սովորական աշխարհը միշտ լինի այդպիսին, դուրս չգա իր այդ սովորականի սահմաններից։ 

Այդ «սովորական»-ներից մեկն էլ սպիտակ գույնն է։ Առօրյա կյանքում մենք ուշադրություն չենք դարձնում դրա վրա՝ սպիտակը ամենուր է սպիտակ, անկախ նրանից շինության ներսում ենք գտնվում թե դրսում, առավոտյան ժամը յոթն է, թե երեկոյան վեցը։ Բայց դա միայն մեզ համար։ Մեր ֆոտոխցիկի սենսորը շատ հեռու է մեր աչքերի ու ուղեղի զարգացվածության աստճանից, ու հենց այդ պատճառով է, որ նա սպիտակը միշտ չի, որ տեսնում է հենց սպիտակ։ Մայրամուտին այն երանգավորվում է տաք դեղնանարնջագույն գույնով։ Հիվանդանոցի միջանցքում այն արդեն ունի սառը երկնագույն երանգ։ Հենց այստեղ էլ առաջանում է խնդիրը՝ կախված լույսի երանգից փոխվում է ոչ միայն սպիտակի գույնը, այլ բոլոր մնացած գույներինը նույնպես։ Դրա պատճառով է, որ երբ նայում եք ստացված լուսանկարին ու համեմատում իրական տեսարանի հետ, տեսնում եք թե ինչքան տարբեր է ամեն ինչ, թե ինչքան սխալ գույներ ունի ձեր լուսանկարը։

Խնդիրը կա, ի՞սկ լուծումը։ Բարեբախտաբար դա էլ կա։ Ձեր ֆոտոխցիկում դուք կարող եք տեսնել մի կարգավորում, սովորաբար մակնշված WB (White Balance): Դա սպիտակի բալանսն է, և հենց դրանով ենք մենք հուշում ֆոտոխցիկին, թե ինչ պայմաններում ենք լուսանկարում, իսկ վերջինս էլ դա ի գիտություն ընդունելով ստանում է ճիշտ գունային երանգով պատկերը։

Սպիտակի բալանս

Photo by cottonbro studio on Pexels.com

Ձեզ շրջապատող լույսի աղբյուրները ունեն այսպես կոչված գունային ջերմաստիճան։ Այն չափվում է Կելվիններով, և սովորաբար գտնվում է 2000 K-ից (մոմի ջերմ լույսը) մինչև 10000 K (առավոտյան անամպ, կապույտ երկնքի լույսը)։ Այս միջակայքի մեջ էլ գտնվում են արդեն ավելի հաճախ հանդիպող արժեքները՝  սենյակային լամպերը (3000-4500 K), ամպամած օրը դրսում (6500-8000 K), նեյտրալ լույսը (5500 K):

Եթե դուք հիմա փորձում եք մտապահել այս թվերը, խորհուրդ կտամ կանգ առնել՝ դրա կարիքը չկա։ Միակ բանը որ պետք է հիշել, դա ինչքան փոքր է գունային ջերմաստիճանը, այնքան ավելի տաք է երանգավորումը (տաք գույներն են կարմիրը, նարնջագույնը, դեղինը), և հակառակը, ինչքան բարձր է ջերմաստիճանը ցույց տվող արժեքը, այնքան ավելի սառն են գույները (կապույտ, մանուշակագույն, կանաչ)։ 

Լավ, իսկ ինչպես օգտագործենք այս ինֆորմացիան, ինչ է մեզ վերջիվերջո այն տալիս։ Պատասխանը շատ պարզ է՝ ֆոտոխցիկի WB (White Balance) կարգավորումը պետք է ուղղակի համապատասխանի շրջակա աշխարհի գունային ջերմաստիճանին։ Ու բարեբախտաբար այդ հարցով գերակշռող դեպքերում դուք չեք զբաղվելու՝ կարգավորումը կարելի է ուղղակի թողնել Auto ռեժիմում, ու ֆոտոխցիկը ինքը կհասկանա ինչ արժեք ընտրել։ Ու ասեմ ձեզ, նա այդ աշխատանքը կատարում է ուղղակի գերազանց, ստանդարտ իրավիճակներում հազվադեպ սխալվելով։

Որո՞նք են այդ «հազվադեպ»-ները։ Նախ գունային ջերմաստիճանի սանդղակի էքստրեմալ կետերը, այսինքն երբ շատ «տաք» է, կամ շատ «սառը»։ Պատկերացրեք դուք ծովափին եք, արևը իջնում է հորիզոնի վրա ու վառ հյութեղ կարմիր-նարնջագույն ներկում ամբողջ երկինքը։ Դուք միանգամից ձեր մտքում պատկերացնում եք հրաշալի ստացված կադրը, հանում եք ֆոտոխցիկը, առանց նայելու սպիտակի բալանսի կարգավորմանը կատարում լուսանկար։ Իսկ երբ արդեն նայում եք ֆոտոխցիկի էկրանին, ձեզ սպասում է հիասթափություն՝ վառ գույները ինչ-որ տեղ անհետացել են, ամբողջ տեսարանի գեղեցկությունը կորել է, ու ստացվել է բավական ձանձրալի պատկեր։

Ֆոտոխցիկի առաջին հայացքից տարօրինակ սպիտակ բալանսի ընտրությունը ունի պարզ բացատրություն՝ նա ամեն գնով ձգտում է նորմալության։ Հիշում եք չէ, ավտոմատ էքսպոչափիչը նույնպես տառապում էր սրանով, այն ամեն կերպ ձգտում էր միջինացված լույսի քանակին։ Այստեղ էլ ավտոմատ սպիտակի բալանս հաշվելուց ֆոտոխցիկը ձգտում է նեյտրալ ջերմաստիճանին, նրա համար շատ ցածր և շատ բարձր արժեքները աննորմալ են։

Մյուս դեպքը, երբ ֆոտոխցիկը կարող է սխալվել, դա մի քանի լույսի աղբյուրի առկայությունն է կադրում։ Եվ խնդիրը այստեղ ոչ թե քանակի մեջ է, այլ նրանց տարբեր գունային ջերմասիճան ունենալու։ Օրինակ երբ երեկոյան մայրամուտից հետո դրսից նկարում եք որևե շինության ներսը, ապա այստեղ բացահայտ կոնֆլիկտ կարող է լինել՝ դրսում սառը փողոցային սպիտակակապտավուն լամպերներն են, իսկ ներսում ջերմ դեղնանարնջագույն լուսավորվածություն։ Ֆոտոխցիկը այս դեպքում կարող է չհասկանալ թե ինչին տա նախընտրությունը, որը պահպանի, իսկ որը փոփոխի։ Իսկ միգուցե երկուսն էլ պետք է՞ փոփոխել ու բերել մի նեյտրալ կետի։ Այս ամենը շտկելու համար արտադրողները մեզ հնարավորություն են տվել ինքնուրույն ընտրելու գունային ջերմաստիճանը։ Դա կարող եք անել ինչպես ճշգրիտ արժեք ընտրելով (եթե հստակ գիտեք թե լույսի աղբյուրի ջերմաստիճանը ինչ արժեք ունի), կամ էլ նախօրոք որոշված արժեքներից մեկը ընտրելով։ Դրանք սովորաբար չեն գերազանցում 10-ը, իսկ առավել հաճախ հանդիպողներն են․ ցերեկային լույս (5500K), ամպամած եղանակ (6000K), ստվեր (8000K), արտաքին ֆոտոլույս (5500K), շիկացման լամպ (3200K), լյումինեսցենտային լամպ (4500K): Նախօրոք ընտրելով համապատասխան կարգավորումը դուք ֆոտոխցիկին տալիս եք միանշանակություն, նա այլևս գուշակությամբ զբաղված չէ, և լուռ հետևում է ձեր կարգադրությանը։

Եկեք դուրս գանք նորմալի սահմաններից

Մենք արդեն խոսեցինք թե ինչպես ստանալ ճիշտ սպիտակի բալանս, երբ այդ աշխատանքը թողնել ֆոտոխցիկին, և երբ է անհրաժեշտ ֆոտոխցիկին ուղղորդել։ Բայց լուսանկարչությունը դա միայն միշտ ճիշտ լինելու մասին չէ, դա միայն գրված օրենքներին կույր հետևելը չէ։ Լավ լուսանկարիչ լինելու համար պետք է իմանալ օրենքները, բայց ավել աճելու համար պետք է համարձակություն ունենալ դրանք խախտելու ու դուրս գալու նորմալի սահմաններից։ Այնպես որ եկեք հիմա սովորենք խախտել սպիտակի բալանսի «նորմալությունը», ու նպատակային տանք սխալ արժեքներ։

Շատ հաճախ նորմալությունը ձանձրալի է։ Սովորական ամպամած օրը կատարած լուսանկարը կամ ձմեռային բնանկարը ոչինչ չունի իր մեջ, որ կգրավի և կդարձնի նրան հետաքրքիր, տարբերվող։ Եվ հենց այստեղ էլ առաջ է գալիս սպիտակի բալանսի «սխալ» արժեքների միջոցով լուսանկարին նոր սյուժե, նոր կյանք հաղորդելը։

Պատկերացրեք, դուք նկարում եք ձմեռային բնանկար։ Վերևում սպիտակ ամպեր, ներքևում սպիտակ ձյուն, կադրում հատուկենտ երևացող ծառեր։ Իդեալական սպիտակի բալանսի դեպքում ձեր գունավոր լուսանկարը գրեթե չի տարբերվելու անգույնից՝ այն հիմնականում պարունակելու է մոխրագույնի տարբեր երանգներ և ոչ ավել։ Բայց արժե միայն մի փոքր մեծացնել սպիտակի բալանսի արժեքը, ու պատկերը ամբողջությամբ կփոխվի։ Կապտավուն երանգը միանգամից կփոխանցի սառնության ու ցրտի զգացումը, երկինքը էլ ավելի կմգանա ու ծանր կկախվի գետնի վրա, տալով տեսարանին դրամատիզմ։ Եվ այս ամենը միայն մի արժեք փոխելով։

Կամ մի ուրիշ դեպք: Տաք ամառային երեկո, դուք դուրս եք եկել քաղաքում զբոսնելու և տեսնում եք իդեալական կադրը։ Գեղեցիկ լուսավորված փողոց, սրճարաններ մայթերին։ Բայց երբ «ճիշտ» սպիտակի բալանսով եք լուսանկարում, ամառվա ջերմությունը կորում է նեյտրալ սպիտակի մեջ, փողոցն արդեն այդպես հաճելի չէ լուսավորված։ Ու նորից, մի փոքր իջեցնում ենք սպիտակի բալանսը, և դեղնավուն երանգը ամբողջովին փոխում է լուսանկարի տրամադրությունը՝ դուք ստացաք ինչ ուզում էիք։

Այս ամենը շատ լավ աշխատում է, երբ լուսանկարում եք բնանկարներ, քաղաքային պատկերներ կամ այլ անշունչ օբյեկտներ։ Որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, երբ կադրում հայտնվում են մարդիկ, և ինչքան մեծ մակերես են նրանք զբաղեցնում, այնքան ավելի զգուշավոր է պետք լինել։ Մեր ուղեղը ունի շատ հստակ կանոններ, թե ինչպիսին պետք է լինի շրջապատող աշխարհը, ու դա առաջին հերթին վերաբերվում է մարդկանց։ Մաշկի սխալ երանգը մեր ուղեղը ակնթարթորեն նկատում է։ Այնպես որ սպիտակի բալանսը փոփոխելուց ամեն դեպքում պետք է հաշվի առնել նաև այն, որ մարդկանց մաշկի գույնը չի կարող շատ տարբերվել բնականից, իսկ տարբերվելու դեպքում դուք ուղղակի կստանաք շփոթեցնող և չափազանց «սխալ» պատկեր։

Աջակցել նախագծին Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank

Leave a Reply