You are currently viewing Սենսոր․ Չափսը կարևոր է, մեգապիքսելը՝ ոչ միշտ

Սենսոր․ Չափսը կարևոր է, մեգապիքսելը՝ ոչ միշտ

 

 

Առանց չափազանցության կարող ենք ասել, որ թվային ֆոտոխցիկի ամենակարևոր ու առանցքային մասը նրա սենսորն է կամ նույն ինքը մատրիցան։ Ամբողջ ֆոտոխցիկն է կառուցված սենսորի շուրջը, նրա իմաստն է այդ սենսորը։ 

Մենք այստեղ չենք անդրադառնա սենսորի խորը տեխնիկական առանձնահատկություններին՝ դա միայն խառնաշփոթ կառաջացնի։ Դրա փոխարեն մենք միայն կդիտարկենք սենսորի երկու ամենակարևոր հատկանիշները՝ չափսը և պիքսելների քանակը։

Այս պահին շուկայում առկա են մի քանի ստանդարտացված հիմնական չափսի սենսորներ։ Ես նպատակային բաց եմ թողնում շատ թանկարժեք medium format-ը, որն ունի կիրառման նեղ շրջանակ, և առկա է ընդամենը մի քանի արտադրողի մոտ։

Full frame — կամ լիակադր սենսոր։ Այս չափը հիմնված է 35մմ ժապավենի չափսի վրա, նրա ֆիզիկական չափսերն են 36մմ x 24մմ։ Այն հանդիսանում է ստանդարտ, և արդեն նրա հետ են համեմատում մնացած չափսերը։ Հանդիպում է պրոֆեսիոնալ հայելային և ոչ հայելային մոդելներում, թանկարժեք է, բայց դրա հետ մեկտեղ տալիս է գերազանց արդյունք նույնիսկ էքստրեմալ պայմաններում։ Լուսանկարչությունը որպես եկամտի աղբյուր դիտարկելու դեպքում նախապատվությունը տրվում է հենց լիակադր սենսորին՝ այն իդեալական է բոլոր տեսակի նկարահանումների համար, սկսած ստուդիայից, վերջացրած միջոցառումներով։ 

APS-C և APS-H — Լիակադր սենսորից փոքր է մոտ 1․5 անգամ, նրանց չափսերը ըսդ այդմ հավասար են 23․4մմ x 16․7մմ և 28․7 x 19․1: Այս չափսի սենսորը հանդիպում է հիմնականում սկսնակ և կիսապրոֆեսիոնալ մոդելներում, թեև երբեմն նրանց կարելի է տեսնել պրոֆեսիոնալ համարվող ֆոտոխցիկներում։ Չնայած ավելի փոքր չափսին այն ամբողջովին բավարարում է շուկայի պահանջները, և թե Nikon-ը, թե Canon-ը վստահորեն պահպանում են իրենց APS մոդելային շարքը, իսկ Fujifilm-ի մոդելային շարքի մեծ մասը հենց այս չափի սենսորներով էլ հագեցած է։ 

Micro Four Thirds — Առաջին ոչ հայելային խցիկների հետ միասին աշխարհ եկան նաև այս սենսորները։ Այն թույլ տվեց գտնել կոմպրոմիսային լուծում տեսախցիկի փոքր չափսի և ստացվող պատկերի որակի միջև։ Լիակադր սենսորից փոքր է 2 անգամ՝ 17․3մմ x 13մմ։ Olympus և Panasonic ոչ հայելային ֆոտոխցիկները հիմնականում օգտագործում են հենց այս սենսորները։

One-inch sensor — Ի սկզբանե նախագծված է եղել կոմպակտ խցիկների համար, ունի 13․2մմ x 8․8մմ չափսեր, և փոքր է լիակադր սենսորից 2․7 անգամ։ Վերջերս այս չափսի սենսորը հնարավոր է եղել տեղավորել նաև սմարթֆոնների մեջ, ինչը մեծ առաջընթաց ապահովեց պատկերի որակի հարցում։

Այս պատկերում բավականին լավ է երևում թե ինչքան մեծ է տարբերությունը սենսորների չափսի մեջ

Տրամաբանությունը այստեղ բավականին պարզ է․ համարժեք տեխնոլոգիայի կիրառման դեպքում մեծ սենսորը տալիս է ավելի որակյալ պատկեր, ավելի քիչ է սահմանափակում լուսանկարչին վատ լուսավորված պայմաններում։ Մեդալը իհարկե ունի նաև հակառակ կողմ՝ ինչքան մեծ է սենսորը, այնքան ավելի թանկարժեք է այն և ավելի շատ էներգիա է անհրաժեշտ նրա աշխատանքի համար։ Մեծ սենսորը մեծացնում է (ու թանկացնում) նաև ֆոտոխցիկի ընդհանուր չափսերը, և դա վերաբերվում է նաև օբյեկտիվներին։ Օրինակ, ստանդարտ Nikon 35mm f/1.8 պարամետրերով օբյեկտիվը լիակադր ֆոտոխցիկի համար արժի 520 դոլլար և կշռում է 305 գրամ, մինչդեռ նրա APS-C համարժեքը արժի 190 դոլլար և ընդամենը 200 գրամ է։ 

Թե ինչ չափսի սենսոր ընտրել, կհուշի ապագա աշխատանքի բնույթը։ Ոչ կրիտիկական պայմաններում աշխատելու համար APS-C սենսորները լրիվ բավարար են՝ շնորհիվ տեխնոլոգիայի մեծ առաջընթացին, նրանց տված պատկերի որակը շատ չի զիջում համարժեք Full Frame-ին։ Այս տեսակի սենսորը նախընտրելի է նաև ոչ մեծ բյուջե ունենալու դեպքում՝ դա ձեզ հնարավորություն կտա ընտրել ավելի լավ որակի օբյեկտիվներ, ինչը նույնքան կարևոր է, ինչքան ճիշտ ֆոտոխցիկի ընտրությունը։ Իսկ եթե դուք ակընկալում եք գերազանց արդյունք, իսկ ապագա աշխատանքը ավելի պահանջկոտ է լինելու, ապա այնուամենայնիվ նախընտրելի է վերցնել full frame սենսորով ֆոտոխցիկ։

Չափսերից կարծես թե գլուխ հանեցինք, իսկ ի՞նչ է մեգապիքսելը։ Նորեկները սովորաբար տեսախցիկի ու սենսորի մասին կարծիք են կազմում միայն այս պարամետրից ելնելով՝ ինչքան շատ մեգապիքսել, այնքան լավ, բայց դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, ու հիմա միասին դրանում կհամոզվենք։ 

Վերցնենք որպես օրինակ Nikon Zfc APS-C հայելային ֆոտոխցիկը։ Այն ունի 20.1 մեգապիքսել կետայնությամբ սենսոր, այսինքն նրա սենսորը 5568 x 3712 պիքսելներից բաղկացած ուղղանկյուն է։ Նրա մեծ եղբայրը, լիակադր Nikon Zf-ը ունի 25 մեգապիքսել սենսոր, կազմված 6048 x  4032 պիքսելներից։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տարբերությունը այդքան էլ մեծ չէ, և համարժեք մեգապիքսնելները կապահովեն նմանատիպ որակի պատկեր, բայց դա միայն առաջին հայացքից։ Տարբերությունը կայանում է հենց սենսորի չափի, և հետևաբար յուրաքանչյուր անհատական պիքսելի չափի մեջ։ Այս դեպքում լիակադր սենսորի մեկ պիքսելը մոտ 4 անգամ ավելի մեծ մակերես է զբաղեցնում, քան APS-C սենսորինը, և սա փոխում է ամեն ինչ։ Ավելի մեծ պիքսելի լուսազգայունությունը ավելի բարձր է, ինչը թույլ է տալիս ստանալ մաքուր պատկեր նույնիսկ էքստրեմալ վատ լուսավորության պայմաններում։ Իսկ լուսազգայունությունը իր հերթին ազդում է ISO-ի վրա՝ թույլ տալով բարձրացնել վերջինիս առավելագույն շեմը ու ստանալ ընդունելի որակ։

Եթե դեռ չեք համոզվում, որ շատ մեգապիքսելը միշտ չէ ավելի բարձր որակ ապահովում, ապա ուղղակի նայեք ձեր ձեռքին գտնվող սմարթֆոնի տեսախցիկին։ Ամենայն հավանականությամբ դուք կտեսնեք 48, 64 կամ նույնիսկ 96 մեգապիսքսել թույլտվություն, բայց արդյո՞ք դա համարժեք է պրոֆեսինալ տեսախցիկին, որը ունի «ընդամենը» 25 մեգապիքսել թույլտվությամբ սենսոր։ Կարծում եմ պատասխանը ինքներդ էլ արդեն ունեք։

Ստաբիլիզացիա

Ժամանակակից ֆոտոխցիկների մյուս կարևոր պարամետրը, որի հետ արժի ավելի մոտիկից ծանոթանալ, դա ստաբիլիզացիան է, կամ նույն ինքը IBIS-ը (In-body image stabilization)։ Այս բավականին հետաքրքիր և օգտակար տեխնոլոգիան թույլ է տալիս չեզոքացնել ֆոտոխցիկի միկրոշարժումները կադրը ստանալու պահին, ինչն էլ իր հերթին մեզ թույլ է տալիս ստանալ հստակ պատկեր ցածր պահելաժամի դեպքում։ Սենսորը այս դեպքում անշարժ կպած չէ ֆոտոխցիկին, այն ունի որոշակի շարժման ազատություն։ Նկարահանման ժամանակ ֆոտոխցիկը գտնում է, թե որ ուղղությամբ կա շարժում, և դրան հակառակ շարժում է սենսորը, այդպիսով չեզոքացնելով անցանկալի ցնցումները։ IBIS-ը բավական թանկարժեք է՝ այն գրեթե չի հանդիպում ոչ պրոֆեսիանալ շարքի մոդելներում, բայց միևնույն ժամանակ, ժամանակակից գրեթե բոլոր full frame սենսորով ֆոտոխցիկները ունեն այս տեխնոլոգիան, դարձնելով վերջինիս ընդունված ստանդարտ պրոֆեսիոնալների համար։
Ենթադրում եմ, ձեզ մոտ արդեն առաջացավ հարց, իսկ արդյո՞ք այն ձեզ պետք է։ Պատասխանը թերևս կախված է ձեր բյուջեից և ակնկալվող աշխատանքից։ Եթե դուք կաշկանդված չեք բյուջեի հարցում, եթե հաճախ եք նկարահանելու ակտիվ կամ ոչ լուսավոր պայմանններում, ապա այս տեխնոլոգիան միանշանակ ձեզ կծառայի։ Իսկ եթե ձեր աշխատանքի բնույթը ինքնին ենթադրում է հանգիստ պայմաններ կամ մշտական եռոտանու օգտագործում (բնանկարներ, աստրոլուսանկարչություն, ֆուդ և մակրոլուսանկարչություն), ապա կարելի է նաև զոհել այս ֆունկցիոնալը։

Շարունակական նկարահանման ռեժիմի արագություն (Burst mode speed)

Պատկերացրեք դուք պետք է նկարահանեք ֆուտբոլային խաղ։ Բավական ինտենսիվ ու արագ այս սպորտաձևում կոճակը սեղմելու համար իդեալական պահը որսալը գրեթե անհնար է՝ նույնիսկ եթե դուք ունեք հրաշալի ինտուիցիա։ Ու հենց այստեղ ձեզ օգնության է գալիս ձեր հավատարիմ ընկերը, որն ունի այնպիսի հրաշալի հնարավորություն, ինչպիսին շարունակական նկարահանումը։ Փոխում եք նկարահանման ռեժիմը մեկ կադրից դեպի շարունակական, ու ուղղակի սեղմած եք պահում նկարահնման կոճակը, և այն իրար հետևից ստանում է կադրերի շարք։ Թե քանի կադր առավելագույնը կարող եք մեկ վայրկանում նկարահանել, արդեն կախված է ձեր ֆոտոխցիկից։ Սկսնակների և կիսապրոֆեսիոնալների համար նախատեսված մոդելները ապահովում են 3-ից 8 կադր մեկ վայրկանում արագություն, պրոֆեսիոնալ մոդելները այս թիվը հասցնում են 20-ի, իսկ որոշ բացառիկ մոդելներ նույնիսկ 60-ի։ 

Ինչպես շատ այլ պարամետրերը, այս մեկի կարևորությունը նույնպես ուղղակիորեն կապված է ձեր աշխատանքի բնույթի հետ։ Միջոցառումներ, սպորտային խաղեր և այլ արագ շարժվող օբյեկտներ (այդ թվում երեխաներ, նրանք իրոք շատ արագ են) նկարահանելու դեպքում, բարձր FPS-ը (frames per second) իրոք կարևոր է։ Բայց եթե դուք նկարահանելու եք հանգիստ և անշտապ պայմաններում, ապա շարունակական նկարահանման արագության արժեքը կարելի է անտեսել։

 

Ամփոփե՞նք

Հուսամ ձեր առաջին ֆոտոխցիկի ընտրությունը մի հեշտացավ այս կարճ ծանոթությունից հետո։ Ի՞նչն էր այս ամենում կարևորը։ Ֆոտոխցիկը ընտրելուց առաջին հերթին պետք է առաջնորդվել ապագա աշխատանքի բնույթով։ Հենց նա է մեզ հուշում, թե ինչպիսի սենսորի չափս ընտրենք, ֆոտոխցիկում առկա որ ֆունկցիոնալին ուշադրություն դարձնենք, իսկ որը վստահ անտեսենք։ Իսկ թե որ արտադրողին նախապատվություն կտաք, արդեն զուտ ձեր ճաշակի հարցն է՝ շուկայի խոշոր խաղացողները տալիս են բացառիկ որակ, իսկ տարբերությունը արդեն միայն էրգոնոմիկայի մեջ է։

 

Աջակցել նախագծին
Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank

Leave a Reply