Ի՞նչն է լավ լուսանկարը սարքում լավ։
Սա թերևս լուսանկարչության ամենաբարդ հարցն է։ Այն ունի բազմաթիվ պատասխաններ՝ կոմպոզիցիան, էմոցիան, պատմությունը, գույները կամ դրանց բացակայությունը։ Առաջին հայացքից թվում է, թե սրանք ճիշտ պատասխաններ են, նրանք իրոք անհրաժեշտ են լավ լուսանկարի համար․․ ու հանկարծ դուք տեսնում եք լուսանկար, որը հենց առաջին հայացքից ձեզ գերում է, դուք ի վիճակի չեք լինում հայացքը հեռացնել նրանից, իսկ այնտեղ այս բոլոր պատասխաններից և ոչ մեկը չկա, այնտեղ խախտված են բոլոր հնարավոր կանոնները։ Բայց դրանով հանդերձ դուք զգում եք, թե ինչքան լավն է այդ լուսանկարը, թեև բառերով ի վիճակի չեք բացատրել իսկ ի՞նչն է նրան դարձրել այդքան լավը։
Բալանսը։
Սա այն միակ անհրաժեշտ հատկությունն է, որը կարող է տրամագծորեն փոխել լուսանկարի ընկալումը, ստիպել սիրահարվել առաջին հայացքից կամ էլ տալ անհաղթահարելի տհաճության, կիսատության զգացում։ Այն չունի բանաձև, կանոն կամ հստակություն, այն պետք է զգալ։ Ու լավ նորությունը կայանում է նրանում, որ մեր ուղեղին բնությունից տրված է այդ հատկությունը, մենք նկատում ենք ներդաշնակությունը, սիրում ենք այն, և հետևաբար կարող ենք նաև մեր լուսանկարներում ստանալ նրան։
Բալանսը բազմաշերտ է։ Այն ոչ միայն վիզուալ էլեմենտների դիրքն է տարածության մեջ, այլ նաև նրանց բացակայությունը, հեռավորությունը դիտողից ու միմյանցից։ Այն նաև արտահայտվում է գույնի, երանգի ու լույսի միջոցով, ֆակտուրայով և շրջապատող աշխարհով։ Բալանսը միայն տեսանելին չէ, այն նաև օբյեկտներին տրված իմաստն է, նրանց մեջ պարփակված էմոցիան ու այդ ամենի փոխադարձ ազդեցությունը։
Այս բոլոր հատկությունների միասնությունը կադրում գտնվող տարբեր օբյեկտներին ու հատվածներին տալիս է կշիռ՝ անչափելի միավոր, որը հենց գտնվում է բալանսի հիմքում։ Մեր ուղեղը ակնթարթորեն մշակում է այս բարդ ինֆորմացիան, համեմատում կադրի տարբեր հատվածների վիզուալ կշիռը ու տալիս իր ճշգրիտ գնահատականը՝ լուսանկարը բալանսավորված է՞ թե ոչ, այն ներդաշնակ է՞, թե ոչ։

Լուսանկարչության մեջ տարբերում են բալանսի երկու հիմնական տեխնիկա՝ ֆորմալ և ոչ ֆորմալ, և հինգ տեսակի բալանս՝ սիմետրիկ, ասիմետրիկ, գունային, լուսային և կոնցեպտուալ։ Իմանալով այս տեխնիկաները հնարավոր է ստանալ բալանսավորված կադր ցանկացած իրավիճակում։ Հաջորդիվ մենք կարճ կանդրադառնանք այս տեխնիկաներից յուրաքանչյուրին, բայց մինչ այդ ավելի մանրամասն խոսենք բալանսի հետևում կանգնած գլխավոր գաղափարի՝ վիզուալ կշիռի մասին։
Եկեք ձեր կադրը անտեսանելի ուղղահայաց գծով կիսենք երկու հավասար մասերի։ Իսկ հիմա ուշադիր նայեք յուրաքանչյուր կեսին, նրանում գտնվող օբյեկտներին, ինչպես նաև ֆոնին։ Ինչքան ավելի մեծ, պայծառ, գունեղ և վիզուալ հետաքրքիր է օբյեկտը, այնքան ավելի մեծ կշիռ այն ունի։ Բացի դրանից, կարևոր է նաև օբյեկտի տեղը կադրում՝ կադրի սահմաններին մոտ գտնվողը ավելի շատ ուշադրություն է գրավում քան կենտրոնին մոտ գտնվողը։ Եվ իհարկե ֆոկուսավորված օբյեկտը ավելի մեծ կշիռ ու կարևորություն ունի քան չֆոկուսավորվածը։
Այս կարճ գնահատումից հետո դուք արդեն պետք է պատկերացում ունենաք ձեր երկու կեսերի վիզուալ կշիռների մասին և հասկանաք ինչպես են հարաբերվում նրանք միմյանց հետ (մի կեսը ավելի ծանր է, կամ ավելի թեթև, միգուցե գրեթե հավասար են)։ Եթե բալանսը կադրում խախտված է, ապա արդեն կարիք կա կոմպոզիցիան փոխելու՝ տեղափոխելու օբյեկտները կադրում, մոտեցնելու, մոտենալու, լուսավորելու կամ գունավորելու։
Կարևոր է հիշել, որ չկա այնպիսի կանոն, որ բոլոր լուսանկարները պետք է լինեն կատարյալ բալանսավորված, բայց դրանով հանդերձ պարտադիր է իմանալ բալանսի մասին, տիրապետել դրան հասնելու տեխնիկաներին ու ցանկության կամ անհրաժետության դեպքում անկաշկանդ նրանցից օգտվել։

Սիմետրիկ բալանս
Ֆորմալ կամ սիմետրիկ բալանսը ամենաակնհայտ և հեշտ տարբերակն է վիզուալ կարգուկանոն մտցնելու կադրի մեջ։ Սիմետրիկ կոմպոզիցիայի դեպքում կադրի մի կեսը գրեթե ամբողջությամբ կրկնում է մյուս կեսին։ Ընդ որում, ոչ բոլոր բալանսավորված կադրերն են սիմետրիկ, բայց բոլոր սիմետրիկ կադրերը բալանսավորված են։ Եվ հենց դա է պատճառը, որ սկսնակ լուսանկարիչները փորձում են գլխավոր օբյեկտին դնել կադրի մեջտեղում՝ ենթագիտակցորեն նրանք զգում են, որ այդպես կադրը գալիս է բալանսի։
Սիմետրիան կարող է լինել հորիզոնական (բնանկարներ), ուղղահայաց (ճարտարապետություն, քաղաքային, դիմանկարներ), անկյունագծային (ճարտարապետություն) ինչպես նաև շրջանային կամ ռադիալ (ճարտարապետություն, բնություն)։ Որոշ դեպքերում հնարավոր է լինում համատեղել վերը նշվածները և ստանալ էլ ավելի բարդ տեսակի սիմետրիա, ինչն էլ իր հերթին ավելի է բալանսավորում կադրը։
Կարևոր է հիշել, որ կադրը պարտադիր չէ լինի իդեալական սիմետրիկ, որոշ դեպքերում դա նույնիսկ կարող է վանող լինել։ Որոշակի մտածված ասիմետրիան լուսանկարին տալիս է թեթևություն, կոտրում խիստ ֆորմալությունը։ Իսկ որոշ դեպքերում սիմետրիային կարելի է հասնել ասիմետրիայի միջոոցով` օրինակ եթե լեռների արտացոլանքը ջրի մեջ ավելի մուգ է, քան հենց լեռները, այդ դեպքում լուսանկարի ներքևի կեսին ավելի շատ տեղ ենք տալիս կադրում ու ստանում ճիշտ բալանս։

Ասիմետրիկ բալանս
Ոչ ֆորմալ կամ ասիմետրիկ բալանսը ավելի տարածված է քան նախորդ տարբերակը, թեև պահանջում է ավելի բարձր ունակություններ լուսանկարչի կողմից։ Այս տեխնիկան թույլ է տալիս ստանալ ավելի բարդ կոմպոզիցիա, որի շնորհիվ դիտողի հայացքը սահուն կերպով անցնում է ամբողջ կադրի մակերեսով։ Փաստացի, կոմպոզիցիայի լավ հայտնի տեխնիկաները (երրորդների կանոնը, ոսկե հատումը և այլն) ասիմետրիկ բալանսի իրագործումներն են ավելի ֆորմալ տարբերակով։
Ասիմետրիկ բալանս ստանալու համար նախևառաջ պետք է կադրի կենտրոնից հեռանալ։ Դրեք ձեր գլխավոր օբյեկտը կենտրոնից աջ կամ ձախ (վերև կամ ներքև), իսկ երկրորդական օբյեկտները արդեն տեղավորեք կադրի մյուս կեսում։ Այստեղ կարևոր է հիշել, որ առաջին անգամից հազվադեպ է ինչ-որ բան ստացվում, այնպես որ փորձեք ու նորից փորձեք, մոտեցեք կամ հեռացեք կենտրոնից, մոտեցրեք կամ հեռացրեք ձեր օբյեկտը, մինչև կգա մի պահ, երբ դուք կզգաք ներդաշնակություն։ Այդ դեպքում արդեն ստացվում է հետաքրքիր արդյունք՝ օբյեկտները առաջին հայացքից քաոտիկ շարված են կադրում, բայց հարաբերվելով միմյանց հետ նրանք բերում են ամբողջ կադրը բալանսի, ստեղծում են անտեսանելի ճանապարհ, որով անցնում է դիտողը ձեր լուսանկարը նայելիս։
Որոշ դեպքերում կադրում միայն առկա է լինում գլխավոր օբյեկտ, և ուրիշ ոչինչ։ Այդ ուրիշ ոչնչին անվանում են բացասական տարածություն։ Նորեկները ամեն գնով փորձում են ազատվել բացասական տարածությունից, նրան լցնում են ինչ-որ ոչ նշանակալի օբյեկտներով, միայն թե դատարկ չմնա։ Իսկ փորձառու լուսանկարիչները դիտարկում են բացասական տարածությունը որպես առանձին օբյեկտ, որը ունի իր վիզուալ կշիռը և կարող է լինել էֆֆեկտիվ հակակշիռ գլխավոր օբյեկտին, այդպիսով բալանսավորելով թվում է թե չբալանանսավորվող կադրը։

Գունային բալանս
Վառ, հյութեղ գույները ունեն ավելի մեծ վիզուալ կշիռ, քան ավելի նեյտրալ և պաստելային գույները։ Վառ կարմիր օբյեկտը միանգամից գրավելու է հայացքը, ինչքան էլ նա փոքր լինի, եթե շրջապատված է նեյտրալ կանաչով։ Այստեղից կարող ենք անել երկու հետևություն։
Առաջինը, միայն վառ գույներ պարունակող կադրը ճնշող է։ Այն չափազանց ծանր է, առաջացնում է ավելորդության զգացում։ Դիտողը փորձելու է հայացքը փախցնել դեպի ավելի նեյտրալ տիրույթ, բայց եթե այդպիսին չկա, ուղղակի դուրս է գալու լուսանկարի սահմաններից, համարելով այն ոչ ներդաշնակ։
Եվ երկրորդը, եթե կադրում կա վառ գույներով տիրույթ, ապա նեյտրալ տիրույթը պետք է մի քանի անգամ մեծ լինի վերջինից։ Թե քանի անգամ, իհարկե ոչ ոք չի կարող ասել, ամեն ինչ կախված է կադրից, դրա պարունակությունից և ընդհանուր կոմպոզիցիոն լուծումից։
Հիշում ե՞ք, ես ձեզ պրոդուկտ լուսանկարչության մասին պատմելիս խորհուրդ էի տվել ուսումնասիրել գունային տեսությունը։ Ուրեմն ևս մեկ անգամ տալիս եմ նույն խորհուրդը՝ իմացեք գույների մասին, հասկացեք ինչպես են նրանք հարաբերվում միմյանց հետ, երբ են համադրվում և երբ հակադրվում։ Այս կարևոր գիտելիքը դուք արդեն կարող եք կիրառել ցանկացած ժանրի լուսանկարչությամբ զբաղվելիս, քանի որ կոմպոզիցիան ընդհանուր է բոլորի համար, այն հիմնաքարային է։

Լուսային բալանս
Լուսային բալանսը աշխատում է նույն սկզբունքով, ինչ գունայինը, միայն թե այստեղ ոչ թե գույնի ինտենսիվությունն է դեր խաղում, այլ լույսինը։ Այս դեպքում կադրի մուգ հատվածները ունեն ավելի մեծ կշիռ, քան լուսավոր հատվածները, և հետևաբար դրանց համամասնությունը չի կարող հավասար լինել բալանսավորված կադրի մեջ։
Այս ամենը առավել քան ակտուալ է սև-սպիտակ լուսանկարչության մեջ, որտեղ գույնը որպես երևույթ բացակայում է, և մենք աշխատում ենք միայն լույսի ու մոխրագույնի երանգների հետ։
Կոնցեպտուալ բալանս
Եթե բալանսի մինչ այս դիտարկված տարբերակները ինչ-որ կերպով օգտագործում էին ֆիզիկական աշխարհի հատկությունները (գույնը, ձևը, լույսը), ապա կոնցեպտուալ բալանսը խորանում է մի մակարդակ ներքև ու դիմում աշխարհի ու օբյեկտների գաղափարական կողմին։
Այս դեպքում արդեն տեղի է ունենում իմաստային համադրում կամ հակադրում երկու և ավելի օբյեկտների միջև։ Օրինակ նմանատիպ հագուստով և դիրքով կանգնած մարդիկ կադրում, կամ ծերունին և փոքր երեխան իրար կողքին։ Ի տարբերություն սիմետրիայի այլ տեխնիկաների, այստեղ սահմանափակումներ չկան, կարելի է փնտրել ու հավերժ գտնել օրինակներ, երբ իրերը գաղափարափես ուժեղացնում են միմյանց նմանությունը կամ փոխադարձաբար ընդգծում տարբերությունը։

Իհարկե ընդամենը մի հրապարակումը բավարար չէ, որպեսզի ամբողջությամբ բացվի մի թեմա, որի մասին ամբողջ գրքեր են գրվել, բայց այնուամենայնիվ որպես կարճ ուղեցույց և ծանոթություն կարծում եմ այսքանը բավարար էր։
Վերջում մի քանի ավելի ընդհանրական խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն բալանսավորված լուսանկարներ ստանալու բարդ գործում։
- Մտածեք երկրաչափորեն։ Կադրի մեջ փորձեք գտնել գծեր, եռանկյուններ, հակադրություններ։ Այդպես ավելի հեշտ կլինի ստանալ ասիմենտրիկ բալանս։
- Եթե զգում եք, որ կադրը բալանսի չի գալիս, փորձեք նվազագույնի հասցնել կադրում եղած օբյեկտների քանակը։ Ավելի հեշտ է բալանսավորել երկու-երեք օբյեկտը, քան տաս կամ ավելը։
- Խաղացեք ձեր լուսանկարների հետ մշակման փուլում։ Եթե փաստագրական աշխատանք չեք կատարում, այլ գեղարվեստական, ուրեմն թույլատրված է ամեն ինչ։ Լուսավորեք, գունավորեք, կտրեք ամբողջ կադրը կամ դրա առանձին մասերը։
- Փորձեք լայնանկյուն օբյեկտիվներով աշխատել։ Սկզբում դա բարդ կլինի, քանի որ կադրի մեջ չափից շատ բան է հայտնվելու, բայց դրա մյուս կողմն էլ այն է, որ այդպիսով դուք ավելի ազատ կկարողանաք կտրել ձեզ անհրաժեշտ հատվածը մշակման փուլում։
- Մեկ կադրով մի սահմանափակվեք։ Նույն տեսարանը լուսանկարեք տարբեր դիրքերից ու անկյուններից, ավելի շատ կամ քիչ ներառեք կադրի մեջ։ Այդպիսով մշակման փուլում դուք կունենաք ավելի մեծ ընտրություն։
- Դիմեք վարպետներին։ Ժամանակը հրաշալի ձևով ֆիլտրել է լավ ու հանճարեղ լուսանկարիչներին, և հավատացեք, նրանք բոլորը իմացել են ինչ է բալանսը։ Ուսումնասիրելով նրանց աշխատանքները դուք կգտնեք բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են նրանք հասել ներդաշնակության կադրի ներսում օգտագործելով տարատեսակ կոմպոզիցիոն լուծումներ։
- Համատեղեք տարբեր տեխնիկաները մեկ կադրում։ Ո՞վ է ասել, որ կադրի մի հատվածը չի կարող լինել լրիվ սիմետրիկ ու միաժամանակ ամբողջ կադրը կառուցված լինել երորրդների օրենքով ու դեռ մի բան էլ կոնցեպտուալ բալանս ունենալ։ Կոմպոզիցիան դա կանոն չէ, միայն խորհուրդներ, դա ինչ-որ պահից նույնիսկ ուղղակի անձնական նախընտրություն է, իսկ երկար ժամանակ աշխատելու դեպքում միայն ձեզ բնորոշ ոճ։ Այնպես որ, փորձեք, սխալվեք, ու այնքան փորձեք, մինչև կգտնեք ձեր ոճը։
Աջակցել նախագծին Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank
