Կայքի այս բաժինը մենք սկսեցինք մասնավոր դեպքերից ու շարժվեցինք դեպի ընդհանուր մի կետ, որի շուրջը և կառուցված է ամբողջ կոմպոզիցիայի գաղափարը։ Կարող ենք վստահորեն ասել, որ կոմպոզիցիան դա հենց բալանսն է նրա տարբեր դրսևորումներով (դրա նպատակային խախտումը նույնպես կոմպոզիցիոն հնարք է), իսկ բոլոր մասնավոր դեպքերը այդ բալանսին հասնելու տարբեր եղանակներն են։ Այդ դեպքերը շատ են, արդեն որևէ հայտնի տեխնիկայի մեջ մի փոքր փոփոխությունը առաջացնում է նորը, այնպես որ, կարող ենք ասել, որ նրանք անվերջ են։ Հենց այդ պատճառով այլևս նպատակահարմար չէ նրանց դիտարկել առանձին և մանրամասն, իսկ դրա փոխարեն մենք այս գլխում կարճ անդրադարձ կանենք նրանցից առավել նշանակալիներին։
Անկյունագծեր և եռանկյունիներ
Մինչ այս պահը մենք հիմնականում քննարկել ենք հորիզոնական և ուղղահայաց գծերը, նշելով որ դրանք տալիս են կադրին բալանսի և հանգստության զգացում։ Իսկ ի՞նչ անել, եթե մենք նպատակային ուզում ենք խախտել այդ հանգստության զգացումը, մտցնել դինամիկա կադրում։ Այստեղ մեզ օգնության են գալիս անկյունագծերը և եռանկյունները։
Նախ սկսենք երկու կարևոր մեկնաբանությունից։
Առաջին, պարտադիր չէ, որ եռանկյունիները և անկյունային գծերը լինեն ֆիզիկապես տեսանելի գծեր։ Հիմնականում կադրում եռանկյուն ստացվում է այնտեղ գտնվող օբյեկտների դասավորվածության շնորհիվ, այլ ոչ թե հենց իրական գծերի շնորհիվ։ Օրինակ, եթե երեք օբյեկտ այնպես են տեղավորվում կադրում, որ նրանց գագաթներով կարելի է տանել եռանկյունի, ապա մենք արդեն ունենք եռանկյունի պարունակող կոմպոզիցիա։
Եվ երկրորդ, անկյունային գծերը պարտադիր չէ, որ անցնեն մի անկյունից մյուսը։ Ցանկացած գիծ, որը խիստ հորիզոնական կամ ուղղահայաց չէ արդեն անկյունային գիծ է։ Տարբերվում են նրանք իրենց թողած ազդեցությամբ միայն՝ ինչքան անկյունային գիծը ավելի մոտ իրական անկյունագծին, այնքան ավելի «ուժեղ» է նա։
Եկեք սկսենք եռանկյունիներից։ Այս կոմպոզիցիոն հնարքը բավական ունիվերսալ է իր թողած ազդեցությամբ։ Եթե եռանկյունին «պառկած է» հորիզոնական հարթության վրա, այսինքն նրա երեք գագաթներն էլ գետնի վրա գտնող օբյեկտներ են, ապա դա շեշտակի մեծացնում է կադրի խորությունը ու դիտողի մոտ առաջանում է կադրի եռաչափության հստակ զգացում։ Այդպիսի եռանկյունին նաև կադրում մտցնում է շարժում, ընդ որում շարժման ուղղությունը կախված է նրանից, թե որ կողմ է ուղղված եռանկյունու գագաթը։ Եթե այն ուղղված է դեպի վերև, ապա մենք ունենք առաջ գնացող, մեզնից հեռվացող շարժում։ Եվ հակառակը, եթե գագաթը ուղղված է դեպի ներքև, ապա մենք ունենք հետ եկող, դեպի մեզ մոտեցող շարժում։
Բացի դինամիկա և շարժում հաղորդելուց եռանկյունին նաև կարող է անել լրիվ հակառակը՝ հանգստացնել կադրը։ Դրա համար անհրաժեշտ է, որ եռանկյունու մի կողմը լինի զուգահեռ կադրի հորիզոնական հարթությանը։ Այդպես ստեղծվում է տպավորություն, որ եռանկյունին իր հանգստի կետում է, ու ոչ մի տեղ չի տեղաշարժվի։ Եվ ճիշտ է նաև հակառակը, եթե եռանկյունին «կանգնած է» իր գագաթներից մեկի վրա, ապա դիտողի մոտ առաջանալու է լարվածության զգացում, քանի որ ենթագիտակցորեն նա հասկանում է, որ եռանկյունին չի կարող կանգնել գագաթի վրա, այն պետք է ընկնի դեպի մի կողմ ու նոր գա հավասարակշռության։
Հետաքրքիր հնարք է նաև եռանկյունու մի մասը կադրից դուրս թողնելը։ Դա կարող է աշխատել իրավիճակներում, երբ մենք հստակ գծերով եռանկյունի ունենք, ու կադրի սահմանով կտրելով դրա մի մասը մենք դիտողին թույլ ենք տալիս մտովի շարունակել կադրը, ընդարձակել այն։
Բալանսը ընգծելու տարբերակներից մեկն է նաև հավասարասրուն կամ նույնիսկ հավասարակողմ եռանկյուններով կոմպոզիցիա ստանալը։ Այդպիսի կադրում ակնհայտ սիմետրիա է լինում, ինչը, ինչպես արդեն գիտեք, ի վիճակի է կտրուկ բալանսավորել լուսանկարը։

Գաղափարային առումով անկյունագծերը բավական նման են եռանկյունիներին, միայն թե այն տարբերությամբ, որ այստեղ հանգստության մասին անգամ խոսք չկա։ Անկյունագիծը միշտ դինամիկա է։
Պատկերացրեք ուղիղ հորիզոնական գիծ, ու մի գնդակ նրա վրա։ Ի՞նչ է անում այդ գնդակը։ Ճիշտ է, ոչինչ։ Այն ուղղակի իր տեղում է մնում, պատկերը ստատիկ է։ Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ գիծը մենք թեքում ենք, տալիս ենք ինչ-որ անկյուն։ Ի՞նչ կլինի գնդակի հետ։ Նա կգլորվի։ Պատկերում միանգամից հայտնվում է դինամիկա։ Անկյունային գծերը առաջացնում են հստակ շարժման զգացում, օբյեկտներին տալիս են պոտենցիալ էներգիա իսկ ամբողջ կադրին որոշակի անորոշություն։
Անկյունային գծերի մասին մենք արդեն խոսել ենք ուղղորդող գծերի մասին գլխում, բայց նորից կրկնելը նրանց հիմնական հատկությունները ավելորդ չի լինի։
Նախ նրանց կարևոր ունակություններից է կադրին որոշակի ուղղվածություն տալը։ Մենք լուսանկարը միանգամից և ամբողջությամբ չենք տեսնում (թեև մեզ թվում է թե դա այդպես է), այլ «կարդում» ենք նրան։ Եթե կադրում առկա են լինում անկյունային գծեր, մենք արդեն սկսում ենք այդ գծերի երկայնքով շարժվել, ընդ որում կախված նրանից, բարձրանում ենք թե իջնում, զգում ենք համապատասխան էներգիա՝ դրական կամ բացասական։
Անկյունային գծերը օգնում են պատկերը եռաչափ սարքել։ Օրինակ բարձր շենքերը մոտիկ տարածությունից լուսանկարելիս առաջանում է ձեզ հայտնի օպտիկական աղավաղումներից մեկը՝ դիստորցիան, որի պատճառով շենքի զուգահեռ պատերը դադարում են զուգահեռ լինել, և մեզանից հեռանալու հետ միաժամանկ սկսում են իրար մոտենալ։ Այդպիսի անկյունային գծերը հստակ ցույց են տալիս, որ շենքը բարձր է, և կադրը ունի խորություն։ Նույն էֆֆեկտը կարելի է տեսնել ուղիղ ճանապարհը բավական ցածր կետից լուսանկարելու դեպքում՝ ճանապարհը երկու կողմից նեղանում է, ու վերջում դառնում մի կետ, ու նորից մենք ունենք պատկերի խորություն։
Եվ վերջապես, անկյունային գծերը առաջացնում են լարվածություն։ Սրա բացատրությունը ընկած է այն նույն գլորվող գնդակի օրինակի հետ։ Մենք ենթագիտակցորեն հասկանում ենք, որ ոչ հորիզոնական մակերևույթների վրա ուղիղ կանգնած մնալը պահանջում է որոշակի էներգիա և լարում, ու այդպես ենք ընկալում նաև լուսանկարները, որտեղ ուղիղ գծեր չկան։ Այս երևույթը շատ հաջողությամբ կիրառվում է նաև կինոյում, երբ անրաժեշտ է լինում հերոսներին անդորրը խախտել, ցույց տալ, որ նրանք հարմարավետ դիրքում չեն։ Այդ հնարքը կոչվում է «հոլանդական անկյուն», և նրան կիրառելը բավական պարզ է։ Անհրաժեշտ է ուղղակի պտտել ֆոտոխցիկը, ու այդպիսով ստանալ ոչ զրոյական հորիզոնի գիծ։ Սա շատ լավ է աշխատում դիմանկարների և փողոցային լուսանկարչության ժանրերում, քանի որ այստեղ մեր հերոսները մարդիկ են, ու էմոցիոնալ լարվածություն ստանալը տեղին է։

Ոսկե եռանկյունիներ
Երրորդների կանոնը և ոսկե հատումը հրաշալի տեխնիկաներ են, բայց նրանք ունեն մի թերություն՝ նրանք աշխատում են խիստ հորիզոնական և ուղղահայաց գծերի հետ։ Իսկ ի՞նչ անել, եթե մեր կադրում գերակշռում է անկյունագիծը։ Այստեղ արդեն դիմում ենք ոսկե եռանկյունիների մեթոդին։
Այն կառուցելը բավական պարզ է։ Վերցնում ենք մեր կադրը, ու երկու հակադիր անկյունները իրար միացնում։ Այդպիսով մենք կիսում ենք կադրը երկու հավասար եռանկյունու։ Այնուհետև այդ եռանկյունիներից յուրաքանչյուրի գագաթից գիծ ենք իջեցնում մինչև անկյունագիծ, այնպես, որ հատումը լինի 90 աստիճան։ Այդպիսով մենք ունենում ենք 4 եռանկյուն, ու հենց նրանք էլ կոչվում են ոսկե եռանկյուններ։

Ինչպես արդեն հասկացաք, այս ձևով կադրը կարելի է մասերի բաժանել երկու հնարավոր տարբերակներով՝ կախված թե որ անկյուններն եք իրար միացրել ի սկզբանե։ Օգտագործումը բավականին նման է մեզ արդեն հայտնի կանոնների օգտագործմանը։ Մենք ունենք մեկ առաջնային ուժեղ գիծ (անկյունագիծը), երկու լրացուցիչ գծեր և երկու հատման կետեր։ Այս բոլորը մեկ կադրում օգտագործելը հրաշալի արդյունք կտա, բայց դա ոչ միշտ է հնարավոր լինում։ Սովորաբար ստացվում է օգտագործել գլխավոր գիծը և հատման կետերից մեկը, ինչն արդեն իսկ բավականին լավ ազդեցություն է ունենում կադրի վրա։
Կոմպոզիցիոն տեսանկյունից այս տեխնիկան լուծում է միանգամից մի քանի խնդիր։ Նախ այն ընդգծում է անկյունագիծը ու դարձնում նրան ուղղորդող գիծ, որը վերջիվերջո տանում է դեպի գլխավոր օբյեկտ (կամ օբյեկտները)։ Եթե ուշադիր նայեք կառուցման ընդհանուր պատկերին, ապա կտեսնեք, որ հատման կետերը ավելի մոտ են գտնվում կադրի սահմանին, քան երրորդների կանոնի կամ ոսկե հատման դեպքերում, ինչը ինչպես հիշում եք, ավելի մեծ կշիռ էր հաղորդում օբյեկտին։ Այսպիսով, եթե կարիք կա ընդգծելու, կարևորելու ձեր օբյեկտը, ապա ոսկե եռանկյունիների տեխնիկան շատ լավ կարող է այդ հարցում ձեզ օգնել։ Եվ վերջապես, այս տեխնիկայի դեպքում մենք կադրում ունենք միաժամանակ մի քանի սիմետրիա՝ գլխավոր (անկյունագծից աջ և ձախ) և երկու լրացուցիչ (երկու զույգ եռանկյունիները միմյանց հայելային կրկնում են)։
Այսպիսով այս ոչ շատ հայտնի տեխնիկային կարելի է նույն շարքում դասել ինչ երրորդների կանոնը և ոսկե հատումը։ Այն իրեն լավ է դրսևորում երբ ունենք հստակ գլխավոր օբյեկտ ու կարիք կա կադրը ներդաշնակ կերպով բաժանել մի քանի վիզուալ հատվածի, բայց դրանով հանդերձ շնորհիվ մի քանի անկյունագծերի մենք պահպանում ենք նաև դինամիկան, ինչը հենց դարձնում է այս տեխնիկան այդքան յուրահատուկ և շատերի կողմից սիրված։
Կենտ թվերի կանոնը
Լուսանկարչության մեջ կան բազմաթիվ «կանոններ», բայց այս մեկը իրոք յուրահատուկ է, ու էլ ավելի յուրահատուկ է այն, որ նա աշխատում է (դա ապացուցվել է բազմաթիվ փորձերով և հարցումներով)։ Եվ այսպես։ Լուսանկարը վիզուալ ավելի հաճելի ու դինամիկ է ընկալվում, եթե այնտեղ գտնվող օբյեկտների քանակը կենտ է։
Այս տարօրինակ երևույթի հնարավոր բացատրություններից մեկը այն է, որ կենտ թվով օբյեկտները հնարավորություն են տալիս դիտողին գտնել նրանց միջից գլխավորին։ Եթե օբյեկտների քանակը զույգ քանակով է, ապա մեր ուղեղը նրանց խմբավորում է զույգերով, ու այդպիսով ոչ մի օբյեկտ առանձին չի դիտարկվում և համեմատվում մնացածի հետ, դրա փոխարեն արդեն դիտարկվում են խմբերը։ Իսկ կենտ թվով օբյեկտների դեպքում խմբավորումը արդեն այդքան էլ հեշտ չէ, և մի օբյեկտը միշտ մնում է մենակ։ Հենց այդ մեկն էլ դառնում է գերիշխող օբյեկտը։
Մյուս հնարավոր բացատրությունը դա բալանսն է։ Զույգ թվով օբյեկտների դեպքում բալանսավորված կադրը չի ունենում գլխավոր օբյեկտ, մինչդեռ կենտ թվի դեպքում մենք գլխավոր օբյեկտին հստակ կարող ենք առանձնացնել ու դնել հավասարակշռության առանցքի վրա, իսկ արդեն մնացած զույգ թվով օբյեկտները բալանսավորել այդ առանցքի շուրջը։
Իհարկե, միշտ օգտագործել այս հնարքը հնարավոր չէ։ Ի՞նչ անել, եթե դուք պետք է լուսանկարեք 4 երեխայի, ո՞ր մեկին խնդրել կադրից դուրս գալ։ Կենտ թվով օբյեկտներ ապահովել նաև հնարավոր չէ ինքնաբուխ տեսարաններում, երբ դուք չեք կարող որոշել օբյեկտների դիրքը և առկայությունը։
Մնացած բոլոր դեպքերում այս կանոնով կոմպոզիցիա հնարավոր է ստանալ։ Ու թերևս այս տեխնիկան ամենակիրառելին է պրոդուկտ լուսանկարչության մեջ, որտեղ ունեք բացարձակ իշխանություն, թե ինչն է հայտնվելու կադրում, որտեղ է հայտնվելու, ու ինչ քանակով է հայտնվելու։ Երկու ափսեի փոխարեն դրեք երեքը, չորս աքսեսուարի փոխարեն օգտագործեք հինգը, և տեսեք, թե ինչպես է փոխվում ձեր կադրը, գալիս է՞ բալանսի թե հակառակը, ավելանում թե՞ պակասում է դինամիկան։
Լավ, իսկ հիմա հասկանանք երբ չի աշխատում այս կանոնը։ Նախ իրավիճակներում, երբ ցանկանում ենք նպատակային սիմետրիա։ Նույնը կարելի է ասել բալանսի մասին՝ որոշ հնարքներ ինքնին ենթադրում են զույգ թվով օբյեկտների առկայություն (օրինակ կոնցեպտուալ բալանսի դեպքում, երբ օբյեկտները իրար հակադրվում են)։
Մարդկանց լուսանկարելու դեպքում նույնպես հնարավոր չէ սա միշտ կիրառել։ Եթե կադրում գեղեցիկ զույգ է, երրորդ մարդը իրոք տարօրինակ կընկալվի։
Կենտ օբյեկտների կանոնը չի աշխատում նաև երբ օբյեկտների քանակը անցնում է յոթը։ Սա էլ արդեն մեր ուղեղի որոշակի սահմանափակմնան պատճառով է, երբ մեծ թվով օբյեկտները մենք արդեն ոչ թե ընկալում ենք որպես անհատական օբյեկտներ (որոնք կարող են լինել զույգ կամ կենտ քանակով), այլ որպես անդեմ խումբ։
Եվ վերջապես, այս կանոնի մեկ ուրիշ տեսակ է մեկ օբյեկտի կանոնը։ Մեկը նույնպես կենտ թիվ է չէ՞։ Ու քանի որ նա միակն է, նա միանշանակ կկլանի դիտողի ամբողջ ուշադրությունը։ Սա շատ լավ աշխատում է, երբ բազմաթիվ նմանատիպ օբյեկտների մեջ ունենք մեկը, որը ինչ-որ հատկանիշով տարբերվում է։ Օրինակ դեղին վարդերի փնջի մեջ գտնվող միակ կարմիր վարդը հենց կլինի գլխավոր օբյեկտը։ Մնացած վարդերի շատ ու միանման լինելը էլ ավելի է ընդգծելու այդ կարմիր վարդի գերիշխող լինելը, այդպիսով բացի վիզուալ ակնհայտ կոնտրաստից ստեղծելով իմաստային հզոր կոնտրաստ։

Ազատ տարածություն և ձախից աջ շարժում
Երբ մենք ունենք հետաքրքիր, հայացքը գրավող օբյեկտ, ապա մեծ է ցանկությունը այդ օբյեկտին հնարավորինս շատ տեղ տալ կադրում, թույլ տալ վերջինիս լցնել կադրը։ Սա իհարկե որոշ դեպքերում կաշխատի, բայց ոչ այն իրավիճակում, երբ օբյեկտը շարժվում է, և շարժման ուղղությունը հստակ երևում է լուսանկարում։ Նման կադրերը հետաքրքիր են նրանով, որ թեև օբյեկտը անշարժ է (ինչը բնական է լուսանկարի դեպքում), այնուամենայնիվ դիտողը հստակ հասկանում է, որ իրականում մի քանի ակնթարթ անց օբյեկտը կհայտնի ուրիշ տեղում։ Ու եթե այդ տարածությունը կադրում ազատ չէ, ապա դիտողի մոտ տպավորություն է ստեղծվում որ նա գալու է ու հարվածելու կադրի սահմանին։ Այստեղից էլ կարճ հետևություն՝ եթե օբյեկտը շարժվում է, կադրում տեղ թողեք նրա շարժման ուղղությամբ։ Այս հնարքը նաև շատ լավ աշխատում է, եթե շարժման ուղղությունը այդքան էլ պարզ չէ ու կարիք կա դա ցույց տալու։
Մյուս խորհուրդը կապված շարժման հետ դա նրա ուղղությունն է՝ ձախից աջ թե աջից ձախ։ Կա տարածված կարծիք, որ մենք լուսանկարը կարդում ենք ձախից աջ, և հետևաբար եթե օբյեկտը շարժվում է, ցանկալի է, որ նա շարժվի նույնպես ձախից աջ՝ այդպիսով կադրի կարդալու ուղղությունը չի լինի հակադրության մեջ շարժման ուղղության հետ։
Այս խորհուրդը իհարկե բավական խնդրահարույց է, և առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Որոշ դեպքերում այն աշխատում է, երբ խոսքը եվրոպական մշակույթի կրողների մասին է, որտեղ գրում են ձախից աջ, բայց միևնույն ժամանակ կան բազմաթիվ մշակույթներ, որտեղ գրում են աջից ձախ, կամ նույնիսկ վերևից ներքև։ Ամեն դեպքում իմանալ այս տեխնիկայի մասին չի խանգարի, իսկ կլավացնի այն ձեր լուսանկարը թե ոչ, արդեն կախված է իրավիճակից։

Կրկնություն, նախշեր
Եթե կադրի մեջ որոշակի հատվածներ կրկնում են միմյանց կանխատեսելի կերպով, ապա մենք գործ ունենք լուսանկարչության ամենահետաքրքիր հնարքներից մեկի հետ։ Կրկնությունը կարելի է գտնել գրեթե ամենուր, այն բնության մեջ է և մարդաստեղծ օբյեկտներում։ Եվ լավ նորությունը նրանում է, որ մենք սիրում ենք կրկնությունը, մենք հեշտությամբ ընդունում ենք այն։
Կրկնությունը դա ներդաշնակություն է։ Դա քաոսի ու անկարգության հակառակն է։ Մենք սիրում ենք տեսնել օրինաչափություն (նույնիսկ եթե այն չկա), քանի որ այդ օրինաչափությունը իջեցնում է անհայտության աստիճանը, թույլ է տալիս մեզ որոշ չափով լինել իրավիճակի տերը։ Հենց դա է գլխավոր պատճառը, որ կրկնվող հատվածներ կամ նախշեր պարունակող լուսանկարները այդքան հաճելի ու հանգստացնող են։ Ընդ որում, այդ կրկնությունը պարտադիր չէ, որ լինի կատարյալ (ու հազվադեպ էլ կլինի այդպիսին)։ Կրկնության մասնիկները կարող են միմյանցից տարբերվել չափով, ձևով ու երանգով։ Այստեղ ավելի կարևոր է կրկնության գաղափարը, և ոչ թե նրա ստերիլ ճշգրտությունը։
Այս տեխնիկայի հետ է կապված նաև մի շատ էֆֆեկտիվ հնարք՝ խախտված կրկնությունը։ Պատկերացրեք ունեք ինչ-որ օբյեկտի կամ նախշի կրկնություն։ Առաջին, երկրորդ, երրորդ, ու հանկարծ չորրորդը։ Այն բացակայում է կամ ուրիշ է, սխալ է, անգույն է, չափազանց գունավոր է։ Այդ բացառությունը, ներդաշնակության խախտումը միանգամից իր վրա է կենտրոնացնում ուշադրությունը, իսկ նրա շուրջը եղած կատարելությունը զուտ ընդգծում է վերջինիս անկատարելությունը։ Այս հնարքը հաջողությամբ օգտագործվում է կոնցեպտուալ լուսանկարչության մեջ, երբ լուսանկարիչը հստակ ասելիք ունի, փորձում է ցույց տալ ինչ-որ բան ու կապի մեջ մտնել դիտողի հետ։
Թեև կրկնությունները ամենուր են, բայց նրանց գտնել ու լուսանկարելը այդքան էլ հեշտ չէ։ Մեր ուղեղը չափազանց բնական է ընկալում կրկնությունը ու շրջապատող աշխարհի քաոսի մեջ միշտ չի, որ նկատում է նրան։ Այնպես որ առաջին խորհուրդը՝ ֆոտոխցիկով թե առանց, սկսեք փնտրել կրկնություններ։ Պետք է նախևառաջ ձեզ սովորեցնեք նրանց տարբերել ու տեսնել, ուրիշ հայացքով նայել արդեն ծանոթ պատկերներին։ Առաջինը դուք կսկսեք նկատել միայն երկրաչափական կրկնությունները, բայց աստիճանաբար դրանց կավելանան նաև գունային ու լուսային կրկնությունները, ինչպես նաև աբստրակտ կրկնությունները։
Հաջորդը հարցը, իսկ ինչպես նրանց լուսանկարել։ Այստեղ արդեն պետք է որոշակի ստեղծագործական միտք ցուցաբերել հարթ ու ձանձրալի կադր չունենալու համար։ Փորձեք տարբեր անկյուններից ստանալ նույն կադրը, ֆոկուսի մեջ ունեցեք մի մասը կամ ամբողջը։ Նաև շատ լավ է աշխատում այլ կոմպոզիցիոն տեխնիկաների հետ համադրությունը՝ օրինակ կենտ օբյեկտների օրենքը կամ անկյունագծերի օգտագործումը։

Աջակցել նախագծին Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank
