Երրորդների կանոնը և ուղղորդող գծերը իրենց ամբողջ հզորությամբ և էֆֆեկտիվությամբ հանդերձ այնուամենայնիվ պարզ տեխնիկաներ են, և թույլ են տալիս լուծել սահմանափակ կոմպոզիցիոն խնդրներ։ Իհարկե կարելի է բավարարվել միայն այդ երկուսով ու միևնույն է ստանալ որակյալ լուսանկարներ, բայց վստահ եմ, որ ինչ-որ պահի ցանկանալու եք շարժվել առաջ՝ դեպի ավելի բարդ ու նուրբ լուծումներ։ Իսկ այդ լուծումներից մեկը հայտնի ոսկե հատումն է, կամ այլ կերպ հարմոնիկ հարաբերակցությունը։
Այն մարդկությանը հայտնի է գրեթե 2500 տարի, և այդ ամբողջ ընթացքում զանազան դրսևորումներով կիրառվել է արվեստի բազմաթիվ ճյուղերում՝ ճարտարապետություն, քանդակագործություն, կերպարվեստ, երաժշտություն։ Թեև նա ունի հստակ մաթեմատիկական ձևակերպում, բայց չկարծեք թե նա աբստրակտ գաղափար է՝ ոսկե հատումը բնության մեջ հանդիպում է ավելի հաճախ, քան դուք կարող եք ենթադրել։
Ոսկե հատումը էլեգանտ ձևով բալանս և ներդաշնակություն է մտցնելու ձեր կադրում։ Ու թեև երրորդների կանոնը լուծում է այդ նույն խնդիրը, բայց անում է դա շատ ակնհայտ ձևով, մինչդեռ ոսկե կանոնը դա անում է այնքան նուրբ, որ միանգամից չես էլ կարող ասել, թե ինչու է լուսանկարը այդքան գրավիչ ստացվել։ Ոսկե հատումը նաև ունակ է ուղղորդել դիտողի հայացքը կադրի միջով դեպի կարևորը, բայց ի տարբերություն ուղղորդող գծերի տեխնիկայի, այստեղ այդ գծերը նույնիսկ չեն երևում՝ տարբեր օբյեկտները միմյանց հետ կապվում են անտեսանելի թելով ու ստեղծում հայացքը գամող ճանապարհ։

Եվ այսպես, ի՞նչ է վերջիվերջո ոսկե հատումը։ Հիմքում ընկած գաղափարը իրոք շատ պարզ է։ Պատկերացրեք, որ դուք ունեք ուղիղ վերջավոր գիծ։ Եթե այդ գիծը բաժանենք երկու մասի այնպես, որ մեծի հարաբերակցությունը փոքրին լինի հավասար ամբողջի հարաբերակցությանը մեծին, կունենանք ոսկե հատում։ Ստացված թիվը իռացիոնալ է, և մոտավորապես հավասար է 1,618-ի։
Օգտագործելով այս պարզ գաղափարը (մեծը բաժանած փոքրին հավասար է ամբողջը բաժանած մեծին), մենք կարող ենք բազմաթիվ լուծումներ ստանալ։ Նախ կարող ենք կադրը բաժանել երկու մասի ըստ ոսկե հատման։
Այնուհետև այդ մասերից փոքրը իր հերթին բաժանել ևս երկու մասի, ու այդպես շարունակ մինչև անվերջություն։ Այդպիսով կստանանք Ֆիբոնաչիի շարքը, իսկ այնտեղից էլ Ֆիբոնաչիի պարույրը (Fibonacci Spiral):

Իսկ այս ամենի վերջնական տեսքը, որը դուք կարող եք պրակտիկայում օգտագործել Phi Grid-ն է, երբ կադրը երրորդների կանոնների նմանությամբ բաժանվում է 9 մասի, որոնք միմյանց հետ հարաբերվում են ոսկե կանոնի օրենքով։

Այսպիսով ստացանք վիզուալ ուղեցույց կոմպոզիցիան կառուցելու համար։ Ընդ որում, հորիզոնական և ուղղահայաց գծերը եթե ֆիքսված են իրենք տեղերում, ապա պարույրը կարող է ունենալ չորս հնարավոր տեսք, սկիզբ առնելով ուղղանկյան չորս տարբեր անկյուններից։
Տեխնիկայի օգտագործումը գրեթե չի տարբերվում երրորդների կանոնի կիրառումից։ Եթե կադրում ունենք հորիզանական կամ ուղղահայաց ուժեղ գծեր, ապա նրանց դնում ենք մեր Phi grid-ի գծերի վրա։ Հատման կետերը նույնպես ակտիվ օգտագործում ենք, որովհետև նրանք հանդիսանում են ուշադրությունը գրավող և բալանսավորման կետեր։ Պարույրի օգտագործումը ավելի բարդ է և ոչ միշտ հնարավոր։ Եթե կադրում կան մի քանի երկրորդական օբյեկտները, ապա դասավորելով նրանց պարույրի երկայնքով մենք կունենանք անտեսանելի ուղղորդող գիծ կադրի մի անկյունից դեպի մյուս ծայրը, իսկ պարույրի կենտրոնում արդեն դնում ենք գլխավոր օբյեկտը։ Եթե կադրում կան կոր գծեր, նրանց պարույրի վրա դնելը նույնպես լավ աշխատում է։ Իհարկե, լիարժեք օգտագործել այս կոմպոզիցիոն տեխնիկայի բոլոր հնարավորությունները բարդ է, բայց նույնիսկ նրա մասնակի օգտագործումը բավականին բարելավում է կադրի ընդհանուր տեսքը։
Կադրը ստանալու պահին ճշգրիտ կոմպոզիցիա ստանալը այդքան էլ հեշտ չէ։ Ժամանակակից ֆոտոխցիկները որոշակի առումով օգնում են այդ հարցում, էկրանի վրա ցույց տալով տարատեսակ ցանցեր (3×3, 4×4, 5×5), բայց դրանց մեջ բացակայում է Phi grid-ը։ Ամենամոտը իհարկե 3×3 ցանցն է՝ ուղղակի մտովի պատկերացնում ենք, որ գծերը ավելի մոտ են կենտրոնին, իսկ Ֆիբոնաչիի պարույրի կենտրոնը գտնվում է ոչ թե գծերի հատման կետում, այլ ավելի մոտ կադրի անկյունին։

Ինչպես և ցանկացած այլ տեխնիկա, այս կանոնը ոչ բոլոր դեպքերում է կիրառելի։ Այն ավելի էֆֆեկտիվ օգտագործվում է այն իրավիճակներում, երբ ունենք ուղիղ գծեր (բնանկար, ճարտարապետություն), կամ գլխավոր օբյեկտ (դիմանկար, փողոցային լուսանկարչություն)։ Պրոդուկտ լուսանկարչության մեջ սա թերևս ամենակիրառելի տեխնիկան է, քանի որ դուք հնարավորություն ունեք ազատորեն կառավարել կոմպոզիցիան վերադասավորելով օբյեկտները։
Լավագույն տարբերակը հասկանալու ոսկե հատման կանոնի տեխնիկան իհարկե փորձելն է։ Դուք կարող եք ինչպես միանգամից փորձել կադրը ստանալ համաձայն ոսկե կանոնի, այնպես էլ կարող եք ձեր նախկինում կատարված լուսանկարները նորից մշակել ու արդեն կենտրոնանալ Phi grid-ի և Ֆիբոնաչիի պարույրի վրա։ Սա թերևս ավելի նախընտրելի է, քանի որ միանգամից կարող եք համեմատել թե տարբեր տեխնիկաները ինչպես են ազդում նույն կադրի ընկալման վրա։
Եվս մեկ գիտելիքի աղբյուր է լուսանկարչության վարպետների աշխատանքները ուսումնասիրելը։ Անսել Ադամսը (բնանկար), Անրի Կարտիե Բրեսսոնը (փողոցային լուսանկարչություն), Էննի Լիբովիցը (դիմանկար) հաճախ են դիմել այս տեխնիկային։ Ու եթե ուղղորդող գծերը և երրորդների կանոնը միանգամից հնարավոր է նկատել, ապա ոսկե կանոնի կիրառությունը ոչ միշտ է ակնհայտ, այնպես որ ցանկալի է անշտապ ուսումնասիրել նրանց լուսանկարները։
Կարծում եմ արդեն նկատեցիք, որ երրորդների կանոնը բավական նման է ոսկե հատման կանոնին, թե կառուցման տեսակետից, և թե օգտագործման մեթոդից։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե որն օգտագործել, որին տալ նախապատվություն։ Բնականաբար ոչ մի հստակություն այս հարցում չկա՝ ամեն ինչ կախված է ինչպես կադրի պարունակությունից, այնպես էլ լուսանկարչի անձնական նախընտրությունից։ Որոշ լուսանկարիչներ ընդհանրապես հրաժարվում են երրորդների կանոնից, համարելով դա ոսկե հատման պարզեցված տեսակ, որոշներին էլ հակառակը, դուր է գալիս երրորդների կանոնի պարզությունը ու օգտագործման հեշտությունը։ Իսկ ես առաջարկում եմ լինել ճկուն, ու հաշվի առնել իրավիճակը։

Եթե կադրը ծանրաբեռնված չէ, ունի մեկ գլխավոր օբյեկտ և բացակայում են ուշադրություն գրավող այլ օբյեկտները, ապա երրորդների կանոնը իրեն շատ լավ է դրսևորում։ Դնում ենք մեր գլխավոր օբյեկտը հատման կետերից մեկում ու ունենում ենք լավ բալանսավորված և գրագետ կոմպոզիցիա։ Հակառակ դեպքում արդեն կարիք ունենք ինչ-որ կերպով «տեղավորելու» նաև երկրորդական օբյեկտները, ու երրորդների կանոնով դա անելը ոչ միշտ է հնարավոր։ Իսկ այստեղ արդեն օգնության է գալիս Ֆիբոնաչիի պարույրը, որի երկայնքով էլ կարող ենք տեղադրել մեր երկրորդական օբյեկտները։
Մյուս կարևոր դեպքը, դա կադրում դինամիկայի առկայությունը կամ բացակայությունն է։ Եթե չկա շարժում վստահորեն կարող ենք օգտագործել երրորդների կանոնը՝ կադրը միայն բալանսավորելը և գլխավոր օբյեկտը հատման կետերից մեկում դնելը արդեն իսկ հերիք է։ Շարժման դեպքում արդեն կարելի է անցնել ոսկե հատման կանոնին, ու նորից դիմել Ֆիբոնաչիի պարույրին, որը կընդգծի, կուժեղացնի շարժումը, կտա նրան ուժ և ուղղություն։
Եվ վերջապես, ոչ մեկ մեզ չի արգելում համատեղել այս երկու կանոնները։ Օրինակ բնանկար անելուց դուք կարող եք հորիզոնի գիծը դնել երրորդների կանոնով, իսկ գլխավոր օբյեկտին դնել Ֆիբոնաչիի պարույրի կենտրոնում։
Թերևս այսքանը ոսկե հատման մասին։ Ինչպես տեսաք, նա կա ամենուր, և նա աշխատում է։ Անհասկանալի պատճառներով մենք ոսկե հատումը պարունակող արվեստի աշխատանքները ընկալում ենք որպես չափազանց ներդաշնակ և բալանսավորված, նրանք դիտողին ոչ թե ստիպում են նայել ինչ-որ տեղ, այլ նուրբ ուղղորդում են։ Իհարկե, ինչպես և ցանկացած կանոն, սա նույնպես դոգմա չէ, այն ոչ միշտ է աշխատելու, և սա թերևս լավ նորություն է։ Յուրաքանչյուր կադրը ստանալուց դուք պետք է անշտապ մտածեք, հասկանաք ինչն է այդ դեպքում առավել կիրառելի, իսկ դա հենց այն ամենն է, ինչը մենք սիրում ենք լուսանկարչության մեջ։ Վերջնական արդյունքը կարևոր է, բայց այդ արդյունքը ստանալու ճանապարհը էլ ավելի կարևոր է։
Աջակցել նախագծին Հաշվեհամար՝ 2050075970291001, Մկրտչյան Գառնիկ, InecoBank
Քարտ՝ 4083 0600 1162 0164, Ameriabank
